Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրը՝ Գուլնարա Քարիմովան, պատրաստվում է հեռանալ երկրից: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անաելով Terra Group ընկերությանը:
Գործակալության զրուցակիցը չի կարողացել մանրամասնել, թե կոնկրետ ուր է պատրաստվում մեկնել Քարիմովան: Նրա մեկնելու մասին պաշտոնական հաստատում դեռ չկա: Հենց Քարիմովայի մեկնաբանությունը ստանալ չի հաջողվել:
Իր հերթին, իրավապահ մարմինների աղբյուրը հաղորդել է, որ նախագահի դստերը ենթակա մի շարք ընկերություններում ու կազմակերպություններում լուրջ խախտումներ են հայտնաբերվել:
Ավելի վաղ արդեն հաղորդվում էր Քարիմովային պատկանող նորաձևության բուտիկների ցանցի փակման մասին: Հետաքննությունը հայտարարել էր, որ խանութներում հայտնաբերվել է մեծ չափով չհաշվարկված գումար, իսկ աշխատակիցները չեն կարողացել փաստաթղթեր ներկայացնել, որոնք կապացուցեն դրանց օրինականությունը:









































