Պորտուգալիայի կառավարության նոր նախաձեռնությունը կոչվում է Revive: Իշխանությունները ցանկանում են նպաստել այն շինությունների վերականգնմանն ու պահպանմանը, որոնցից շատերը գտնվում են լքված վիճակում և պահպանման համար ծախսեր են պահանջում: Այդ մասին գրում է Global Property Guide-ը:

Ներդրողներին կթույլատրվի վերասարքավորել պատմական անցյալ ունեցող շինությունները և դրանք դարձնել հյուրանոցներ, ռեստորաններ և զբոսաշրջության ուղղվածություն ունեցող այլ բիզնես ծրագրեր: Սակայն նրանք սեփականության իրավունք չեն ունենա. փաստացի իրենք կլինեն միայն այդ գույքի վարձակալները:

Ծրագրի շրջանակներում արդեն հանձնված է 17-րդ դարի Convento de Sao Paulo շինությունը Իսպանիայի հետ սահմանամերձ Էլվաս քաղաքում: Պորտուգալական Vila Gale հյուրանոցների ցանցը պատրաստվում է վերականգնել այն որպես չորսաստղանի հյուրանոց:










































