«Իրենք գիտեն՝ ում են դիմում իրենց միանալու համար։ Եվ հետո, իրենց պայքարը փոքրիկ խաղ է, որը վերաբերում է քաղկալանավորներին։ Ուրիշ ոչինչ։ Այդ նախաձեռնությունից, այդ պայքարից Հայաստանի ժողովուրդը ոչինչ չի շահելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության նախկին պետ, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը։
Սաղաթելյանն ասաց, որ ամեն ինչ «Սերժի սատանայական խաղի» շրջանակներում է։ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում չի առաջադրվելու, քանի որ մտադիր է գրավված տարածքները հանձնել։ «Ինքն այդքան ուղեղ ունի, որ հայ ժողովրդի թշնամանքի այդ բեռն իր վրա չվերցնի։ Նա հողերի հանձնման բեռը դնելու է կամ Արմեն Սարգսյանի, կամ Վիգեն Սարգսյանի վրա։ Սերժը Վիգեն Սարգսյանին կդնի վարչապետ, ինքը կգնա պաշտպանության նախարար և Վիգենին կստիպի ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը»,- ասաց Սաղաթելյանը։
Մուշեղ Սաղաթելյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար սկսված պայքարն անիմաստ է։ «Դա ինչ պայքար է։ Նիկոլը «Ելք»-ից առանձնացավ, էն երկու միամիտները մնացին մենակ։ Դա էլ է խաղ։ Նիկոլը Վազգեն Մանուկյանի 3G տեսակն է։ Վերջում Վազգեն Մանուկյանի պես մի հանրային խորհուրդ կստեղծեն, երկրի առաջին դեմքը պատվերներ կտա, և այդպես թույլ, պառակտված երկիր կմնա»,- ասաց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը նշեց, որ ամեն դեպքում ստեղծված վիճակից ելք կա։ Միակ ելքն այն է, որ ժողովուրդը համախմբված դուրս գա փողոց, Ազատության հրապարակ և պահանջի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։ «Դա է ելքը։ Ով ընտրվի, թող նա էլ կառավարի։ Սա լրիվ իրատեսական է։ Պարզապես հարմար պահ պետք է գա։ Կայծ է պետք»,- ասաց Սաղաթելյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































