«Մենք չենք հանդուրժում և չենք սատարում «Սասնա ծռերի» և մյուսների գործողությունները»: Այդ մասին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Դեսպանն ընդգծել է՝ քաղաքական փոփոխություն կատարելու նպատակով բռնությունը որպես գործիք կիրառելը հակասում է ոչ միայն ամերիկյան արժեհամակարգին, այլ նաև խաղաղ երկխոսության և մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի գլոբալ ժողովրդավարական արժեքներին. «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության, կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար»,- ասել է Միլսը՝ ի պատասխան լրատվամիջոցներում տարածված այն մեկնաբանություններին, իբրև Արևմուտքը և մասնավորապես Միացյալ Նահանգները աջակցում է «Սասնա ծռերին»:










































