Նոյեմբերի 19-ին վրացական RMG Gold LLC և RMG Copper հանքարդյունահանող ընկերությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, նրանք պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում:
Ակցիային մասնակցել է շուրջ 700 մարդ: Ցուցարարները հավաքվել էին Կազրետի բնակավայրում տեղակայված՝ RMG-ի վարչական շենքի մոտ: Նրանց խոսքերով՝ ընկերությունների ղեկավարությունը նախկինում խոստացել է բարձրացնել իրենց աշխատավարձերը, սակայն ավելի ուշ հրաժարվել է այդ ծրագրից:
Աշխատակիցների խոսքերով՝ ներկայում հանքավայրերում դադարեցվել է հումքի արդյունահանումը: RMG-ում գործադուլն անօրինական են համարում:
Գործակալության փոխանցմամբ՝ RMG Gold LLC-ն Վրաստանում ոսկի արտադրող միակ ընկերությունն է, իսկ RMG Copper-ը զբաղվում է պղնձի հումքի և կոնցենտրատի արտադրմամբ:








































