Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենն ինքնավար մարզի կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջադրել է Ժորդի Սանչեսին՝ քաղաքական գործչի, որն այժմ նախնական կալանքի տակ է Մադրիդի բանտում։
Անցյալ շաբաթ ինքնավար մարզի ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որն իսպանական արդարադատությունից թաքնվում է Բրյուսելում, հայտարարել էր, որ հրաժարվում է Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունից և այդ տեղի համար առաջարկել է իր գլխավորած «Միասին հանուն Կատալոնիայի» կոալիցիայի ցուցակի երկրորդ համարի ներքո գրանցված Ժորդի Սանչեսին:
Նիստի օրը, որտեղ պատգամավորները կփորձեն հաստատել Կատալոնիայի կառավարության նոր ղեկավարին, առայժմ նշանակված չէ: Ժորդի Սանդեսը՝ «Կատալոնիայի ազգային ասամբլեա» հասարակական կազմակերպության նախկին ղեկավարը, երկրորդ համարն է անցյալ տարվա դեկտեմբերի 21-ի ընտրություններում «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության ցուցակում:
Նրա դեմ առաջադրվել են խռովության, ապստամբության կազմակերպման և պետական միջոցների ապօրինի մսխման մեղադրանքներ: Մինչև գործի՝ ըստ Էության քննությունը նա կգտնվի բանտարկության մեջ՝ առանց գրավով ազատ արձակման իրավունքի։








































