Այսօր Թատերական գործիչների միավորման 15-րդ համագումարն է, նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել է միայն Հակոբ Ղազանչյանը: Այս հանգամանքը միության նախագահը բացատրում է նրանով, որ թատրոնի լիդերները ամբիցիոզ մարդիկ չեն, և իր բոլոր թերություններով հանդերձ՝ կարծում են, որ աշխատանք կատարվում է, և պետք է շարունակվի այդ աշխատանքը:
Միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, խոսելով մարզային թատրոններից, նշեց, որ եթե Երևանի, Գյումրիի, Վանաձորի թատրոնները նորմալ ստեղծագործական հունով աշխատում են իրենց ձեռքբերումներով, հաջողություններով և անհաջողություններով, դինամիկ ստեղծագործական գործընթացի մեջ են, ապա մարզերում գտնվող թատրոնների խնդիրները մի փոքր ավելի բարդ են, ինչը, ըստ նրա, պայմանավորված է մայրաքաղաքից կտրված լինելով:
«Մենք, գիտեք, այնպիսի երկիր ենք ստեղծում, որ պետք է ամեն ինչ կենտրոնանա միայն Երևանում, իսկ մարզերում մշակութային կյանքը բացարձակապես որևէ մեկին չի հետաքրքրում, էլ չեմ ասում, որ փոքր քաղաքները և գյուղերը խայտառակ վիճակում են»,- ընդգծեց նա:
Նա իր հաշվետվության մեջ առանձնահատուկ ընդգծեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի խնդիրները, որովհետև, նրա խոսքով, այդ թատրոնը մեր պատմության անբաժանելի մասն է. մեր պատմության լուսավոր օրրաներից մեկն է, որտեղ ժամանակին մեծագույն դեմքերն են ստեղծագործել, և այժմ գտնվում է բավականին ծանր վիճակում. «Նկատի ունեմ շենքի ֆիզիկական վիճակը, իսկ երբ թատրոնը շենք չունի, երբ չի խաղում իր պատերի ներսում, նշանակում է՝ այն դատապարտված է փակման»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել, մասնավորապես՝ քսան միլիոն դրամ ամեն տարի ՀՀ կառավարությունը գումար է հատկացնում այդ թատրոնին: Սակայն մինչև հիմա այն որպես աշխատավարձ բաժանվում էր կոլեկտիվին, սակայն այս պահից գումարը տրամադրվում է հայերեն ներկայացումներ բեմականացնելու համար:
Նա նշեց, որ այս կապակցությամբ մի փոքր կոնֆլիկտային վիճակ էր ստեղծվել թատրոնի և հայկական կազմակեպությունների շուրջ: Թատերական գործիչների միության նախագահը երկու օր այնտեղ է եղել, խնդիրը վերջնականապես լուծվել է, ավելին՝ միության միջոցով կառավարությունը այսուհետ գումարը կփոխանսցի թատրոնին:
«Մեզ հանձնարարված է, որ հետևենք թատրոնի գործընթացին. այդ գումարը կոնկրետ ներկայացումների համար է: Այնտեղ լավ կոլեկտիվ է հավաքվել, լավ երիտասարդներ կան, և պետք է գիտակցենք, որ այն մեզ շատ է պետք, և մի քիչ ավելի ուշադիր լինենք:








































