Ռոբերտ Քոչարյանն օբյեկտիվորեն շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Պատճառները շատ են, այդ թվում և այն, որ Քոչարյանն ինքը որևէ կերպ չի հստակեցնում իր քաղաքական ծրագրերն ու առնչությունը ներկայիս գործընթացին: Քոչարյանն, իհարկե, պարտավոր էլ չէ հստակեցնել, բայց քանի որ Հայաստանում քաղաքականություն ասվածը առավելապես ստվերային երևույթ է, քան հրապարակային գործընթաց, հստակեցնելու պարագայի բացակայությունը հիմք է տալիս մտածել ստվերային դերակատարության պահպանման մասին:
Մյուս կողմից` չի՞ կարող արդյոք Քոչարյանը հրապարակավ հայտարարել, որ չի մասնակցում այս կամ այն գործընթացին, բայց ստվերից աշխատել: Իհարկե` կարող է, բայց այդ դեպքում արդեն բոլորովին այլ կլինի նրա աշխատանքի ընկալումը: Իսկ Հայաստանում շատ բան արժեքավոր կամ նշանակալից է ոչ թե ինքնին, այլ ըստ ընկալման: Այսինքն` ոչ թե արժեքն է ձևավորում ընկալում, այլ ընկալումն է արժեք տալիս: Թերևս հենց այդ իրողությունը հաշվի առնելով է, որ Ռոբերտ Քոչարյանն իր լռությամբ տալիս է տարաբնույթ ընկալումների առիթ և հիմք` դրանով իսկ իր համար ստվերային մանևրի լայն դաշտ թողնելով:
Միևնույն ժամանակ կա նաև խնդրի հակառակ կողմը: Ռոբերտ Քոչարյանը ստվերային մանևրից բացի` այլ բանի հնարավորություն, քաղաքականության առումով, չունի: Նա չունի հրապարակային քաղաքականության ռեզերվ: Բանն այստեղ միայն մարտի 1-ը չէ: Դա, իհարկե, բավական ծանր բեռ է Քոչարյանի վրա, սակայն դրանից բացի` նրա համար լուրջ խոչընդոտ է այն հռետորաբանությունը, որ գործածում է Սերժ Սարգսյանը:
Ի վերջո` հրապարակային քաղաքականությունը նախ և առաջ խոսքն է, իսկ այդ առումով Քոչարյանը կարծես թե ասելու բան չունի: Ի՞նչ դիրքից նա պետք է հանդես գա. բոլոր դիրքերը զբաղված են: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ խորհրդարանի ընտրությանը իշխանություն պահելն իր համար ինքնանպատակ չէ, և որ երկիրը, պետությունը պահելու համար պետք է օրինակելի ընտրություն անել և իրականացնել համակարգային բարեփոխումներ:
Եթե Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ ունի տարաձայնություն, ապա ինչ պետք է անի նա` բացի կուլիսային գործողություններից: Հազիվ թե Ռոբերտ Քոչարյանը կարողանա հայտարարել, թե օրինակելի ընտրությունը պարտադիր չէ, կամ թե համակարգային բարեփոխումներ պետք չեն: Քոչարյանը կարող է ընդամենը կասկածել Սերժ Սարգսյանի հայտարարություններին: Բայց այդ կասկածը արժեքավոր է այն դեպքում, երբ հանրությունը հավատ և վստահություն ունի կասկածողի հանդեպ, այսինքն` համոզված է, որ կասկածողն ինքը կարող է օրինակելի ընտրություն և համակարգային բարեփոխում անել: Հազիվ թե հասարակությունն այդ հարցում վստահություն ունենա Ռոբերտ Քոչարյանի հանդեպ:
Հենց դա էլ հաշվի առնելով` Սերժ Սարգսյանը փորձում է խաղը տեղափոխել ավելի շատ հասարակական դաշտ` այդտեղ տեսնելով իր իշխանության երաշխիքները: Սերժ Սարգսյանի հասարակական միտվածությունը, որ նկատվում է նրա հրապարակային ելույթներում, ամենևին էլ միայն ձև չէ, բայց միաժամանակ` ամենևին էլ ներքին համոզում չէ: Դա պարզապես իշխանությունը պահելու ջանք է: Պարզապես Սարգսյանը տեսնում է, որ ինքը համակարգի ներսում իշխանություն պահելու հնարավորություն գրեթե չունի՝ Քոչարյանը նրան դա երբեք թույլ չի տա:
Այդ իսկ պատճառով Սարգսյանին մնում է հնարավորինս հանրայնացնել քաղաքականություն կոչվող երևույթը և իշխանության ձևավորման գործընթացում մեծացնել հասարակության դերը: Այդ տեսակետից Քոչարյանի գործոնը, այնուհանդերձ, կատարում է որոշակի դրական դեր Սերժ Սարգսյանին դեպի հասարակություն մղելու հարցում: Թեև այդ գործոնն, անշուշտ, այդ մղումի միակ և ամենածանրակշիռ շարժառիթը չէ:









































