Դերասաններ Ուորեն Բիթին և Ֆեյ Դանաուեյը, որոնք սկանդալի կենտրոնում էին հայտնվել 2017 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հաղթող ֆիլմը շփոթելու պատճառով, դարձյալ կներկայացնեն կինոմրցանակի գլխավոր դափնեկրին: Այդ մասին հայտնել է TMZ պորտալը:

Արտիստները Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում մասնակցել են արարողության փորձին, որտեղ նրանց ստիպել են մի քանի անգամ կրկնել իրենց ելույթը: 2017 թվականին մրցանակի հանձնման արարողությանը Բիթին և Դանաուեյը քարտ էին ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջատարի անունով, մինչդեռ պետք է հայտարարեին «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին:
Տարվա դերասանուհի էր ճանաչվել Էմմա Սթոունը, ով խաղացել էր «Լա Լա Լենդ» ժապավենում, և հաղորդավարները հաղթող էին հայտարարել մյուզիքլն այն դեպքում, երբ ակադեմիայի անդամների ձայների մեծամասնությունը տրվել էր «Լուսնի լույսը» կինոնկարին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ի կինոակադեմիայի անդամներն ավարտել են քվեարկությունը «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի հաղթողների օգտին: Քվեարկությունն սկսվել էր փետրվարի 20-ին:
ԱՄՆ Կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման հոբելյանական 90-րդ արարողությունը կկայանա մարտի 4-ին, Լոս Անջելեսի Dolby Theatre կինոթատրոնում: Այն երկրորդ անգամ անընդմեջ վարելու է կատակերգու Ջիմի Քիմելը: «Օսկար» մրցանակը հանձնվում է 24 անվանակարգում:








































