Չիլիի պատմության մեջ առաջին անգամ երկրում գլխավոր պաշտոնը զբաղեցնելու իրավունքի համար կպայքարեն միանգամից 9 թեկնածուներ: Չիլիացիները կընտրեն նաև Պատգամավորների պալատի նոր կազմ (120 տեղ), գրեթե կիսով չափ կթարմացնեն 38 տեղանոց Սենատը և կընտրեն 15 տարածաշրջանային խորհուրդների (տեղական իշխանությունների մարմիններ) 278 անդամներին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Այս ընտրություններում առաջին անգամ չիլիացիների մասնակցությունը քվեարկությանը պարտադիր չի լինի: Ձայնի իրավունք ունի 13 մլն քաղաքացի, սակայն ըստ կանխատեսումների՝ իրենց այդ իրավունքը կօգտագործեն առավելագույնը 7 մլն ընտրողներ: Նրանց անվտանգությունը կապահովեն Չիլիի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների 10 հազար աշխատակիցներ:
Նախագահի պաշտոնի համար հիմնական պայքարը կծավալվի 2 գեներալների դուստրերի միջև, որոնք 1973-ի սեպտեմբերի 11-ի հեղաշրջումից հետո հայտնվել են տարբեր թևերում: Խոսքը միացյալ ձախ՝ «Նոր մեծամասնություն» կոալիցիայի, Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետի և աշխատանքի նախկին նախարարի՝ Էվելին Մաթեի մասին է: Վերջինս ներկայացնում է «Դաշինք՝ հանուն Չիլիի» իշխող պահպանողական կուսակցությունը:
Ֆավորիտ է համարվում Բաչելետը:








































