Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստին հայտարարել է, որ Հայաստանը հնարավորություն է ստացել կրկին դիմելու ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին, քանի որ, վարչապետի խոսքով, Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները: «Այն գնահատվել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջև, ամբողջությամբ ի կատար են ածվել: …Մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանին տրվող ֆինանսավորումը դադարեցվեց 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո երկրում ծավալված իրադարձություններից, մասնավորապես Մարտի 1-ից հետո` արձանագրելով, որ մեր երկիրը չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին: Ծրագրի ղեկավարներն այդ օրերին նամակով զգուշացրեցին նաև այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին`ընդգծելով, որ ժողովրդավարական ծրագրերի իրականացման հարցում կորպորացիայի ղեկավարությունը մտահոգություններ ուներ դեռևս Մարտի 1-ի իրադարձություններից շատ ավելի վաղ:
Ապա` որոշ ժամանակ անց Հայաստանում այդ ժամանակ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարեց, որ կորպորացիան չի շարունակի ծրագրերի ֆինանսավորումը, քանի որ կառավարման որոշ թերացումներ կան Հայաստանում: Յովանովիչի խոսքով՝ կառավարման թերությունները ներառում էին նաև ընտրությունների անցկացման, մամուլի ազատության, հանրահավաքների կազմակերպման ոչ ազատ պայմանների խնդիրները: Նա ընդգծել էր, որ եթե Հայաստանի իշխանություններն աշխատեն թերությունները շտկելու ուղղությամբ, ֆինանսավորումը կարող է վերսկսվել:
Ամեն դեպքում, ծրագրի դադարեցման որոշումը կայացվեց, և Ռոբերտ Քոչարյանի վարած ապաշնորհ քաղաքականության շնորհիվ Հայաստանը զրկվեց 64 միլիոն դոլար ֆինանսավորումից, որը պետք է ուղղվեր գյուղական ճանապարհների վերանորոգմանը: Փոխարենը՝ այդ գումարը տրամադրվեց հարևան Վրաստանին, որով կառուցվեցին Ախալքալաքի ճանապարհները:
Այնուամենայնիվ, ՀՄ-ն Հայաստանում իրականացրեց հնգամյա ծրագիր` միայն ոռոգման և գյուղատնտեսության բնագավառներում ներդնելով ավելի քան 180 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 11-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչի` Քոչարյանին ուղղված նախազգուշական նամակին հաջորդեց նաև Քոչարյանի պատասխան նամակը, որի բովանդակությունն այդպես էլ հանրությանը հայտնի չդարձավ: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այդ ժամանակ նույնիսկ 500 հազար դրամ պարգևավճար խստացավ նրան, ով իրեն կտրամադրեր նամակը, ապա դատի տվեց նախագահի աշխատակազմին, սակայն նամակն այդպես էլ չհրապարակվեց:
Ամեն դեպքում, նշենք, որ «Հազարամյակի մարտահրավերների» ֆինանսավորումը ստանալու հավակնություն ունեցող երկրների թիվը մեծ է, ինչը նշանակում է, որ լարված մրցակցություն է լինելու, և չի բացառվում, որ Հայաստանը կրկին դուրս մնա ծրագրից:
Լուսանկարը՝ Ֆոտոլուր-ի








































