53-ամյա լուսանկարիչ Գորդոն Դոնովանը՝ Նյու Յորքից, Նամիբիայում, Էտոշա աֆրիկյան ազգային այգում լուսանկարել է էգ առյուծին, ով որդեգրել է փոքրիկ այծքաղին։ Իր ձագերին գիշատիչը կորցրել էր։ Ամերիկացին սպասում էր, որ առյուծը կհոշոտի այծքաղին, սակայն դա տեղի չունեցավ, – հաղորդում է Daily Mail-ը։

Դոնովանի խոսքերով, իր նկարած տեսարանից առաջ էգ առյուծի ձագերին սպանել էր արու առյուծը։ Ինչ որ մի պահի, առանց ձագերի մնացած մայրը բռնել է փոքրիկ այծքաղին, սակայն, փոխանակ նրան կտոր–կտոր անելու, սկսել է հոգ տանել փոքրիկի մասին։

«Բնությունից երբեք չես իմանա, ինչ սպասես»,– գրել է լուսանկարիչը, ավելացնելով, որ շուտով առյուծը սկսել է պաշտպանել այծքաղին իր ցեղակիցներից։

Չնայած Դոնովանը նաև խոստովանում է, որ հնարավոր է, որ սխալ է հասկացել առյուծի և այծքաղի միջև «ընկերությունը»։ «Հնարավոր է, որ գիշատիչը ոչ թե հոգ էր տանում, այլ տանջում էր փոքրիկին, թույլ չտալով, որ նա փախչի։ Առյուծները նման բաներ սիրում են»,– նշել է ամերիկացին։








































