Իսրայելը մեղադրել է Թուրքիային «ՀԱՄԱՍ» շարժմանն օգնելու մեջ՝ թուրք քաղաքացու ձերբակալությունից և արտաքսումից հետո, փոխանցում է AFP-ն։
Shin Bet հետախուզական գործակալությունը հայտնել է, որ «Թուրքիայում շարժման տնտեսական և ռազմական գործունեությունն ընթանում է առանց խոչընդոտի, քանի որ թուրք պաշտոնատար անձիք աչք են փակում և երբեմն խրախուսում»։ «Այդ գործունեությունը կախված է մասնավորապես բիզնես հարթակներից, որոնք սպասարկում են ՀԱՄԱՍ-ին միջոցների լվացման մեջ և օգտագործվում իրենց շարքերում իսրայելցիների հավաքագրման համար»,-ասվում է հայտարարությունում։
Հաղորդվում է, որ Թուրքիայի քաղաքացի Չեմիլ Թեքելին ձերբակալվել էր հունվարի 1-ին՝ ՀԱՄԱՍ-ին օգնելու կասկածանքով, իսկ հետո արտաքսվել։ Նրա ենթադրյալ համախոհը՝ իսրայելցի Դհարամ Ջաբարինը, նույնպես ձերբակալվել է և պետք է կանգնի դատարանի առջև։
«Հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Թուրքիան իր ներդրումն է անում ՀԱՄԱՍ-ի ռազմական ամրապնդման գործում, ՀԱՄԱՍ-ը միլիոնավոր դոլարներ է լվացել Թուրքիայի միջոցով»,-նշվում է հայտարարությունում։










































