ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել Արարատի ընտրությունների կապակցությամբ, որտեղ նա շնորհակալություն հայտնելով իր թիմակիցներին` հայտարարում է, որ հաղթանակի ճանապարհին խոչընդոտները անխուսափելի են և անհրաժեշտ է պայքար: Եվ ահա, այս հայտարարությանը զուգահեռ, ԲՀԿ-ն խորհրդարանում քվեարկում է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածու Իշխան Զաքարյանի օգտին, այսինքն` հայտարարում է, որ նրա թեկնածությանը կողմ է քվեարկելու:
Այս երկու իրադարձությունները՝ Ծառուկյանի հայտարարությունն ու ԲՀԿ-ի կողմ լինելու մասին հայտարարությունները, տեղի են ունենում գրեթե միաժամանակ: Այսինքն` մի ձեռքով ԲՀԿ-ն պայքարում է, մյուս ձեռքով քվեարկում Սերժ Սարգսյանի թեկնածուների օգտին: Մյուս կողմից` Իշխան Զաքարյանը 2007 թվականին, օրինակ, ԲՀԿ-ի թեկնածուն էր, այսինքն` ԲՀԿ-ի ցուցակով էր մտել խորհրդարան և այնտեղից էլ նշանակվել ՎՊ նախագահի պաշտոնին: Իհարկե, այս պաշտոնում Իշխան Զաքարյանն ընդամենը կատարածու է՝ կատարելու է այն, ինչ կասեն նախագահական նստավայրից, սակայն այս դեպքում առավել ևս տարօրինակ է, որ այս տեխնիկական պաշտոնի մասով ԲՀԿ-ն տալիս է իր համաձայնությունը, երբ պարզ է, որ խոսքն ընդամենը կատարածուի մասին է:
Այս իրողությունն ընդհանրապես հետաքրքիր է ոչ թե ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների, այլ ընդհանուր առմամբ Հայաստանում առկա համակարգային իրողությունների տեսանկյունից: Սա վկայում է այդ համակարգի խեղվածության, սկզբունքներից ու գաղափարներից շեղվածության մասին, երբ քաղաքական ուժերը այլևս իրարամերժ, հակասական քայլերի հարցում նույնիսկ ժամանակային ինտերվալ չեն թողնում և ամեն ինչ անում են գրեթե զուգահեռ, գրեթե նույն ժամանակին՝ մի ձեռքով մի բան անելով, մյուս ձեռքով անելով մեկ ուրիշ՝ լրիվ հակադիր քայլեր:
Ըստ որում` Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ հետաքրքրական է նաև այն, որ նա, ի տարբերություն իր ավելի ցածր կարգավիճակ ունեցող կուսակիցների, Արարատում տեղի ունեցած ընտրությունների մասով կարծեք թե չի խոսում ընտրակեղծիքներից և անօրինականության այլ դրսևորումներից: Այսինքն` ինչպես միշտ, Գագիկ Ծառուկյանը կրկին խուսափում է այդ ամենն անձամբ ասելուց, ինչը կնշանակեր պարզապես ԲՀԿ-ի արդեն պաշտոնական դիրքորոշում, քանի որ մյուս բոլոր դիրքորոշումներն ու գնահատականները միշտ կարելի է վերագրել անձնական կարծիքին:
Ինչու, ըստ էության, այստեղ պետք չէ կենտրոնանալ ՀՀԿ-ԲՀԿ ներկուսակցական կամ Ծառուկյան-Սարգսյան անձնական հարաբերությունների վրա: Բանն այն է, որ այստեղ ամեն ինչ իսկապես այնքան էլ հարթ չէ, և այնպես չէ, որ այս սուբյեկտները միմյանց հետ լուրջ տարաձայնություններ չունեն: Սակայն նրանք այս տարաձայնությունների մարտավարական դրսևորումները միշտ անհրաժեշտ պահին ստորադասում են ընդհանուր ռազմավարական շահերին: Արդյունքում ստացվում է այն, ինչ տեսնում ենք: Այսինքն` իրականում թյուր է այն տպավորությունը, որ Սարգսյանն ու Ծառուկյանը նստում և ինչ-որ սցենար են պայմանավորվում, խաղ խաղում, կամ ինչ-որ մեկի միջոցով են պայմանավորվում: Իրականում նման բան պատկերացնելը լուրջ չէ:
Խնդիրն այն է, որ կողմերն ընդհանուր հայտարարի են գալիս քննարկումների արդյունքում, երբ մարտավարական տարաձայնությունների և ռազմավարական հեռանկարների համադրություն են կատարում և արձանագրում, որ ունեն ընդհանուր շատ ավելի ամուր շահեր: Այդ շահերը ձևավորվել են ոչ այսօր, և ոչ էլ երեկ, այլ անցնող 10-15 տարիների ընթացքում: Եվ դրանք միշտ ավելի ուժեղ են լինելու անձնական զգացումներից, համակրանքներից կամ պարզապես մարտավարական անհամաձայնություններից, անգամ ռազմավարական անհամաձայնություններից, որովհետև այս ուժերը իրար հետ բավական խորն են սերտաճած՝ միմյանցից արագ բաժանվելու համար, որքան էլ որ նրանց համար անտանելի է դարձել համատեղ կյանքը: Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական կյանքը պարբերաբար Հայաստանի հասարակությանը մատուցում է այդ պարզ իրողության ապացույցներ:
ՀՀԿ և ԲՀԿ հարաբերակցության փոփոխությունը գործնականում անհնար է, որովհետև այդ հարաբերակցությունը հիմնված է ոչ թե հասարակական կարծիքի, այլ հայաստանյան համակարգի առանձնահատկությունների վրա, որն էլ իր հերթին գտնվում է արտաքին ազդեցության, իսկ ավելի կոնկրետ` ռուսական մետրոպոլիայի ներքո: Այդ հարաբերակցությունը փոխելու որոշում կարող է կայացնել Մոսկվան: Իսկ Մոսկվան գոնե այս պահին նման որոշման հարցում շահագրգռվածություն չունի: Եթե ուներ մինչև սեպտեմբերի 3-ը, ապա 3-ից հետո նման շահագրգռվածություն չունի: Մյուս կողմից` այդ հարցում այսօր շահագրգռված չէ նաև ԲՀԿ-ն, քանի որ ներկայումս Հայաստանի համար չափազանց բարդ մի շրջան է, և Մոսկվան բավական ինտենսիվ կերպով գրոհներ է նախաձեռնում Հայաստանի վրա, ու ԲՀԿ-ի և ընդհանրապես որևէ ուժի համար ցանկալի չի լինի այս փուլում ղեկավարել Հայաստանը և դե յուրե ստանձնել այդ գրոհները արժանապատվորեն հետ մղելու պատասխանատվությունը, հատկապես եթե դե ֆակտո չունեն նման ռեսուրսներ:
ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը, հասկանալով այս իրավիճակը, փորձում է ընդամենը անել հնարավորը, որպեսզի արտաքին հարթության վրա սեփական ինտենսիվ վարկաբեկմանը զուգահեռ, ներսում էլ հնարավորինս վարկաբեկվեն մրցակիցները, բնականաբար` առաջին հերթին ԲՀԿ-ն, իսկ ԲՀԿ-ն առանձնապես չի էլ դիմադրում, որպեսզի ներքին իրավիճակում չխախտվի ստատուս քվոն: Որովհետև այն կարող է դառնալ Մոսկվայում այդ ստատուս քվոյի հետ կապված որոշումների փոփոխության հասնելու փաստարկ, եթե իհարկե դա էլ ուղեկցվի Հայաստանում ներիշխանական ստատուս քվոն փոխելու Մոսկվայի որևէ աստիճանի շահագրգռվածության հետ:








































