Այս օրերին ԶԼՄ-ների և քաղաքական քննարկումների առանցքային թեման ապրիլյան համատեքստի տարբեր վարկածներն են: Բոլորին առաջին հերթին հետաքրքրում է այն հարցը, թե ինչ ֆորմալ դերակատարություն է ունենալու Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո, մանավանդ, որ նրա թե կողմնակիցները, թե հակառակորդները պնդում են, որ Սարգսյանը չի հեռանալու ակտիվ քաղաքականությունից: Ընդ որում` խոսքը հրապարակային քաղաքականության մասին է, որովհետ կառավարող կուսակցության առաջնորդն ի պաշտոնե չի կարող քաղաքական գործընթացներին մասնակցել` ստվերում գտնվելով: Այս առումով` Սերժ Սարգսյանը, անկախ պետական պաշտոն զբաղեցնել – զբաղեցնելու հանգամանքից, նոր նախադեպ է ստեղծում Հայաստանի քաղաքական հարաբերություններում:
Լևոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, պաշտոնը թողնելուց հետո տաս տարի հեռացավ հրապարակային քաղաքականությունից` մինչև 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրեց իր թեկնածությունը:
Սակայն հիմա ցանկանում ենք խոսել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, մանավանդ, որ իր նախագահության մայրամուտին նա վստահաբար ասել էր, թե երիտասարդ թոշակառու դառնալ չի պատրաստվում: Քոչարյանը թերևս ակնարկել էր, թե հեռանում է ժամանակավորապես` վերադառնալու հաստատակամությամբ: Եվ իսկապես երկրորդ նախագահն ամեն ինչ արել էր` նոր իշխանության նկատմամբ վերահսկողություն ունենալու, առիթի դեպքում` պետական համակարգը ներսից պայթեցնելու համար:
«Մարտի 1»-ը Սերժ Սարգսյանի իշխանության տակ Ռոբերտ Քոչարյանի դրած ականն էր: Իր նախագահության առաջին ժամկետը Սարգսյանն ամբողջովին վատնեց Քոչարյանի իշխանության հետևանքները վերացնելու ուղղությամբ: 2013-ի նախագահական ընտրությունները լուրջ ահազանգ եղան Սերժ Սարգսյանի համար. պետական համակարգի համար տակավին նա չուներ Առաջինի ընկալումը և թերևս կարողացավ պահպանել իշխանությունը` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ադեկվատ գործողությունների ու այն բանի շնորհիվ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող իշխանություն վերցնել, եթե նույնիսկ այն անտեր մնար:
Նախագահության երկրորդ շրջանում Սարգսյանը ձեռնամուխ եղավ իշխանությունը Քոչարյանի ստվերից ազատելու քաղաքական և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծմանը: Երբ 2015-ի սկզբին Գագիկ Ծառուկյանը` Սերժ Սարգսյանի «օգնությամբ», փակում էր քաղաքականության էջը, ըստ էության` փակում էր իր քաղաքական գործունեության այն հատվածը, որտեղ մեծ էր Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը:
2017-ին Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն` ֆիլտրված թիմով, առանց Քոչարյանի հետ պայմանավորվածությունների ու նրա կադրերի: Սահմանադրական փոփոխություններով, ԱԺ ընտրություններով և խորհրդարանական կառավարմանն անցումով` Սերժ Սարգսյանն ինստիտուցիոնալ մակարդակում վերացրեց Ռոբերտ Քոչարյանի հետդարձի բոլոր հնարավորությունները:
Այսպես կոչված, արտահամակարգային գործիչներին` Կարեն Կարապետյանին, Արմեն Սարգսյանին, Հայաստան բերելով` Սերժ Սարգսյանն իշխանությունից վերջնականապես հեռացնում է ՀՀԿ վերնախավին, որի մի մասը ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում և տեսականորեն կարող է իշխանության ներսում նրա շահերի թեկուզև անուղղակի տրանսլյատորը դառնալ: Այսպիսով` ստեղծվել է մի իրավիճակ, որ Ռոբերտ Քոչարյանն այլևս համակարգային զրոյական ազդեցություն և իշխանություն վերադառնալու զրոյական շանս ունի, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հեռանա իշխանությունից:
Տարիներ առաջ Սերժ Սարգսյանի այլընտրանքը համարվում էր Ռոբերտ Քոչարյանը և դժվար էր պատկերացնել, որ հնարավոր է վերացնել այդ, ըստ էության, փակուղային երկընտրանքը: Սերժ Սարգսյանին փաստորեն հաջողվեց չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի գործոնը ու արդեն դրա համար կարելի է շնորհակալ լինել պաշտոնն ընդամենը երկու ամսից լքող նախագահին:







































