Ամերիկացիների մոտ 60%-ը լսել կամ կարդացել է աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթ Bitcoin-ի մասին, իսկ 24%-ը դրան վստահում է ավելի, քան կառավարությանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
SurveyMonkey-ն ու Global Blockchain Business Council-ը հունվարին հարցում են անցկացրել 5700 քաղաքացիների շրջանում։ Համաձայն հետազոտության արդյունքների՝ ԱՄՆ բնակչության միայն 5%-ն ունի Bitcoin։ Մեծամասամբ նրանք 35 տարեկանից ցածր տարիքի տղամարդիկ են, որոնց կեսը սպիտակամորթ է։
Այն հարցին, թե ինչու են նրանք որոշել Bitcoin-ում ներդրում անել, պատասխանողների 24%-ը նշել է, որ շատ ավելի է վստահում կրիպտոարժույթին, քան ԱՄՆ կառավարությանը։ Նրանց մի մասը դա համարում է պետական կարգավորումներից խուսափելու միջոց։
Չնայած վերջին օրերին Bitcoin-ի փոխարժեքի անկմանը, որոշ փորձագետներ հավատում են, որ 2018 թվականին կրիպտոարժույթը նոր ռեկորդներ կսահմանի և կհասնի 100 հազար դոլարի։







































