ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր «Կրիպտոարժույթը ֆինանսական շուկաներում» թեմայով քննարկում էր կազմակերպել:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, թե ինչ-որ առումով այն նման է սովորական արժույթին, ինչ որ առումով արժեթղթին, բայց, ըստ էության, այն ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը:
«Իր ներխուժումով ֆինանսական շուկա կարծիքների առումով հեղաշրջման նման մի բան է առաջացրել, ես չեմ կարող ասել, որ այս խնդիրները մեզ համար այսօր առօրեական են, բայց արագ փոփոխվող աշխարհում չի բացառվում, որ որոշակի ժամանակ հետո մենք պարտադրված լինենք որոշակի վերաբերմունք դրսևորել այս խնդրի հետ կապված»,- ասաց նա և նշեց, այսօրվա քննարկումը խնդրին ծանոթանալու և նախնական տեղեկություն ստանալու համար է:
«Կրիպտոարժույթների շրջանառության 90 տոկոսից ավելին անօրինական, հիմնականում ահաբեկչության ֆինանսավորման և կիբերհանցագործություններին ուղղված ֆինանսավորումն է: Ինչո՞ւ է դա արվում, քանի որ, կարելի է ասել, դրախտային իրավիճակ է ստեղծված՝ անձերն իդենտիֆիկացված չեն, բացահայտված չեն, թվերի ինչ-որ մի շարք են էլեկտրոնային այդ քսակները, որտեղ գումարներն են պահվում եւ ամենայն հավանականությամբ, օգտագործվում ահաբեկչության ֆինանսավորման համար»,- նշեց ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:







































