Սահմանադրական փոխոխություններով՝ հաջորդ տարվա ապրիլի 9-ից հետո վարչապետի թեկնածու պետք է առաջադրի խորհրդարանական մեծամասնությունը, որն էլ պետք է ընտրի նրան: Չնայած ՀՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարել, թե ում է առաջադրելու վարչապետի պաշտոնում, բայց այս պահին կա վարչապետի առնվազն երկու թեկնածու՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Մինչև հաջորդ տարվա ապրիլի 9-ը կամ դրան մոտ ընկած ժամանակը կարելի է համարել չհայտարարված փրայմերիզի ժամանակահատված, երբ կուսակցության անդամները և հատկապես վերնախավը պետք է արտահայտեն իրենց կարծիքի այս երկու թեկնածուների վերաբերյալ: Փրայմերիզի արդյունքում հաղթող ճանաչվողն էլ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կողմից կընտրվի վարչապետի պաշտոնում:
Կարեն Կարապետյանին կարելի է համարել ինքնաառաջադրված թեկնածու: Այս տարվա հունիսի 21-ին պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե պատրաստվում է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում 2018թ. ապրիլի 9-ից հետո, Կարապետյանը պատասխանել էր. «Այն հանգամանքը, որ մենք կառավարության ծրագիրը ֆիքսել ենք 2017-2022 թվականների համար, ինչ-որ առումով պատասխանում է ձեր հարցին»: Մինչև այժմ ՀՀԿ խորհրդի կամ առավել ևս գործադիր մարմնի որևէ անդամ չի հայտարարել, որ ինքը վարչապետ Կարեն Կարապետյանին համարում է վարչապետի լավագույն թեկնածու:
Մյուս թեկնածուն՝ նախագահ Սերժ Սարգսյանը, գերադասում է առայժմ չխոսել ապագայի իր պլանների մասին, և ապրիլի 9-ից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին հարցերին տալիս է խուսափողական պատասխան: Բայց դրա փոխարեն ամեն օր ՀՀԿ խմբակցության ամենատարբեր պատգամավորներ են միանում նրանց, ովքեր համարում են, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Սարգսյանը պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Կարելի է համոզված պնդել, որ ամանորյա տոներից հետո ներհհկական քվեարկությունը նոր թափ կհավաքի: Մամուլը կողողվի ՀՀԿ անդամների հայտարարություններով և խնդրանքներով, որոնց հեղինակները կպնդեն և կպահանջեն, որ նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը:
Ավելին, ՀՀԿ-ականները կհայտարարեն, որ նախագահ Սերժ Սարգսյանը, որպես կուսակցական, իրավունք չունի չկատարելու իրեն վարչապետի պաշտոնում առաջադրելու կուսակցության որոշումը, եթե անգամ նա նման ցանկություն չունի: Իսկ քանի որ Հանրապետական կուսակցությունը Հայաստանի ամենաբազմամարդ կուսակցություններից մեկն է՝ մոտավորապես 150 հազար անդամ, կստացվի, որ դա ոչ միայն ՀՀԿ-ի, այլ հասարակական պահանջ է: Ինչ կարող է անել Սերժ Սարգսյանը, եթե ոչ ընդառաջ գնալ այդ հասարակական պահանջին:
Քանի որ իրադարձությունները զարգանալու են հենց այս սցենարով, ապա նման իրավիճակում Կարեն Կարապետյանին ևս ոչինչ չի մնա անելու, քան համակերպվել այն իրողության հետ, որ սեփական կուսակցությունը իրեն չի տեսնում վարչապետի պաշտոնում: Ինքը ուզում էր վարչապետ աշխատել, բայց միայն իր ցանկությունը բավարար չէ, մյուսները չեն ուզում: Մանավանդ, որ հասարակական հարցման արդյունքներն էլ են ցույց տալիս, որ նա այլևս չունի նախկին վարկանիշը, և այն անընդմեջ անկում է ապրում:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, որը գրվել էր մինչև 2022թ. համար, ապա նոր կառավարարության ձևավորման դեպքում նոր ծրագիր է գրվում: Հնարավոր է, որ այդ ծրագրից էլ որոշ դրույթներ օգտագործվեն դրա համար: Կամ ում են պետք այդ ծրագրերը, որտեղ գրված որևէ խոստում և առաջադրված նպատակ, միևնույն է, չի կատարվում:










































