Երեկ մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեծ ներդրումներ է անում Արցախում. մտադիր է հյուրանոց, անգամ սուպերմարկետ ու ռեստորան կառուցել: Հայտնի է, որ Հայրապետյանը տևական ժամանակ կիսով չափ արցախցի է դարձել` այնտեղ նաև առանձնատուն կառուցելով:
«Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել եմ Արցախ: Եղել ենք մի շարք գեղատեսիլ վայրերում, հատկապես տպավորված եմ վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից մեկով՝ Ծիծեռնավանքով», –ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու հրապարակել է լուսանկարներ, որտեղ պատկերված են ինքն ու Բակո Սահակյանը` արցախյան գեղատեսիլ պատկերների ֆոնին:
Ասում են` Արգամիչը նույնպես մտադիր է Արցախում ներդրումներ անել, սեփական բիզնեսը հիմնել: Ղարաբաղը դարձել է Հայաստանում իշխանական և մերձիշխանական հարաբերությունների ճշգրտման հարթակ:
Ավելի վաղ այդ ճանապարհով անցել են Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, ազդեցիկ օլիգարխ Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, երբ Հայաստանում, այսպես ասած, դուրս են ընկել «գծերից»: Փաստորեն Արցախը «քաղցրանում» է Հայաստանի քրեաօլիգարխիայի այն ներկայացուցիչների համար, ովքեր Հայաստանում պաշտոն կամ դիրքեր են կորցնում: Հայաստանի քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները «թաց տեղ պառկող» չեն ու ակնհայտորեն Արցախում նպատակային «մուծվում» են` շատ դեպքերում Սերժ Սարգսյանից «մեղքերի թողություն» ստանալու համար: Կոպիտ ասած` մաքրում են իրենց կեղտոտ փողերը: Սերժ Սարգսյանի շրջապատում հիմա բավականին մեծ ազդեցություն ունի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով շատ դեպքերում դարձել է Հայաստանում հարց լուծող մարդ:

Անկասկած նույն Հովիկ Աբրահամյանն Արցախի գեղատեսիլ վայրերում ծրագրում է 2018-ից հետո իր վերադարձը իշխանություն` հույս ունենալով ստանալ Բակո Սահակյանի աջակցությունը: Բակո Սահակյանը շատերի համար է միջնորդել, ովքեր բռնել են «դարձի» ճանապարհը: Ղարաբաղը դառնում է յուրահատուկ քավարան, որտեղ քսակի պարունակության ու արած ծախսերի համամասնությամբ` Բակո Սահակյանը միջնորդում է, իսկ Սերժ Սարգսյանն էլ որոշում է, թե յուրաքանչյուրին ինչքան ների: Ի վերջո, Սերժ Սարգսյանը հրաշալի գիտի յուրաքանչյուրի թալանի չափը, իսկ Արցախը խոպան է, որտեղ ներդրված լուման շատ արագ երևում է: Անկախ ամեն ինչից` Հայաստանի քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների վարքագիծը շատ ավելի բարոյական է ԼՂՀ նախկին նախագահների կոմերցիոն մտածողության ֆոնին:
Արժանահավատ աղբյուրների պնդմամբ` Ռոբերտ Քոչարյանը հայաստանյան տասնամյա «խոպանի» արդյունքում դիզել է չորս միլիարդ դոլարի ունեցվածք, սակայն պետությունից ու հասարակությունից թալանված գումարներից ոչ մի լումա Քոչարյանն Արցախում չի ներդրել` գերադասելով բիզնես զարգացնել նույնիսկ Աֆրիկայում, որը նաև Հայաստանի ու Արցախի նախկին նախագահի որսասիրության հարազատ վայրն է:
Արկադի Ղուկասյանը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում Սերժ Սարգսյանի աշխատակազմում, վերջին հարցազրույցներից մեկում հասկացրել է, որ Արցախ կվերադառնա այն դեպքում, եթե 2020թ-ին նախագահ դառնալու հեռանկարներ բացվեն: Իհարկե, Արցախի նախկին նախագահների ուրացման ֆոնին` Հայաստանի նախկին օլիգարխ պաշտոնյաների «դարձի» օպերացիան նույնիսկ հայրենասիրական է թվում:









































