«Մտահոգություն գների բարձրացման հետ կապված միշտ է լինում, այն էլ առաջին անհրաժեշտության ապրանքների, եթե դա հատկապես սննդամթերքին է վերաբերում: Դեռ ուսումնասիրում են, բայց ուսումնասիրությունները մսամթերքի հետ կապված, ասում են, պայմանավորված է նրանով, որ բավականին մեծ ծավալի մսամթերք արտահանվել է ԵԱՏՄ շուկա և ներքին շուկայում առաջացել է պահանջարկի նկատմամբ առաջարկի պակաս, ինչը բերել է գների բարձրացմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թանկացումներին, նշեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Գների բարձրացումը, Խոսրով Հարությունյանի կարծիքով, չի հանգեցնի սոցիալական բունտի. «Նախ պետք է վերցնենք գնաճի միջին մակարդակը: Ընդ որում՝ վերցնել ոչ միայն այսօր սեզոնայինով պայմանավորված, այլ միջին տարեկան կտրվածքով»,- ասաց Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքերով՝ սա ժամանակավոր երևույթ է, որը կնպաստի նաև առաջարկի ավելացմանը:
Կառավարության իրականացրած քայլերը, նրա խոսքերով, ոչ թե իշխանությանը պետք է բավարարեն, այլ հանրությանը: «Հանրության կյանքի որակը չի փոխվել, բայց չի էլ վատթարացել, բայց լավանալու միտումներն ակնհայտ են»,- նշեց նա:
«Ակնհայտ է, որ կան նաև դրական տեղաշարժեր, մենք ունենք արտահանման ծավալների տպավորիչ աճ, դա արդյո՞ք խոսում է այն մասին, որ հանրապետություն ներհոսում է գումար»,- ասաց նա:
Նա նաև ասաց, որ թե՛ ՀՀԿ-ի և թե՛ հանրության տպավորիչ զանգվածի մոտ գործող վարչապետի գործունեությունը բավարար դրական տպավորություն է թողնում: Մարդկանց մոտ այս կառավարության գործունեության նկատմամբ, նրա խոսքերով, վստահություն կա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































