Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Վաղուց սկսվել է առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմը. ի՞նչ է սպասվում արցախյան ճակատում

«Մենք նույնպես հիբրիդային պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ, և այստեղ միայն բանակը չէ, որ լուծելու է այդ հարցը: Պատերազմում են ոչ թե բանակները, այլ պետությունները»:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1994-95 թթ. ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանը:

ՎԱՂՈՒՑ ՍԿՍՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Պարոն Շահնազարյան, ընդհանրապես շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին խոսելիս, ասում են, որ առաջընթաց գոնե միջնորդների ջանքերի իմաստով կլինի այն ժամանակ, երբ տարածաշրջանում կտրուկ իրավիճակ փոխվի: Այսօր Մերձավոր Արևելքում շարունակվող բուռն գործընթացները, այդ թվում՝ քրդերի պայքարը անկախության համար և ընդհանրապես քրդական գործոնի դերի բարձրացումը, որը փաստացի փոխում են ուժերի դասավորությունը տարածաշրջանում, ինչպես նաև գլոբալ զարգացումները՝ անկախական շարժումների զարթոնքը այլ տարածաշրջաններում, նախադրյալներ կստեղծե՞ն ղարաբաղյան հարցում տեղաշարժերի համար:

– Հարցը շատ ծավալուն էր, բայց փորձեմ հնարավորինս համառոտ պատասխանել: Դուք նշեցիք մերձավորարևելյան զարգացումները, բայց ինչու չէ, նաև զարգացումները Եվրոպայում և նրա շուրջ: Բոլորն իրար հետ պարունակում են անկանխատեսելիության բավական մեծ, զգայուն բաղադրիչ: Ընդհանրապես պետք է հասկանանք, որ մենք գտնվում ենք պատմական մի փուլում, որը որակապես և առաջին հերթին անվտանգության առումով նոր է մարդկության պատմության մեջ: Իմ գնահատմամբ՝ վաղուց արդեն սկսվել է առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմը, որը շատ պետություններ նույնիսկ չեն էլ գիտակցում:

Ինչ վերաբերում է արցախյան հիմնախնդրին, եկեք արձանագրենք, որ բանակցային գործընթացը շատ թույլ և շատ ցածր մակարդակում է հիմա գտնվում: Կան տարածաշրջանային, աշխարհաքաղաքական պատճառներ, դրա համար անկանխատեսելիության այդ բաղադրիչը տարածվում է նաև այս գործընթացի վրա: Առարկայական բանակցություններ կարգավորման վերաբերյալ, իհարկե, չկան: Արտգործնախարարների վերջին՝ նյույորքյան հանդիպման արդյունքներով կարող ենք արձանագրել, որ, կարծես թե, նույնիսկ հստակ օրակարգ չկա: Կարծում եմ, որ նախագահների հանդիպում առաջիկայում, այնուամենայնիվ, կլինի: Այստեղ, իհարկե, հայկական կողմը պիտի պնդի և շարունակելու է պնդել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգը՝ շփման գծում լարվածության թուլացման միջոցառումների վերաբերյալ: Պատրա՞ստ է արդյոք դրան Ադրբեջանը, թե՞ ոչ: Ի միջի այլոց, կարող եմ արձանագրել, որ իմ գնահատկանով, և այդ գնահատկանի վրա ես վստահ եմ, Ալիևի ելույթը ՄԱԿ-ում ցույց էր տալիս որոշակի շփոթվածությունը, որ կա այսօր Բաքվում այդ հարցի առնչությամբ: Այսօր Բաքուն գտնվում է միջազգային շատ ուժեղ ճնշման տակ՝ հատկապես Արևմուտքի կողմից և էլ ավելի է մերձեցնում իր հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով: Կարծում եմ, որ պատահական չէր այն, որ մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահ Պուտինը Անկարայում էր, Պատրուշևն էլ գտնվում էր Բաքվում, և ըստ էության, ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ համատեղ ինֆորմացիոն քաղաքականություն վարելու վերաբերյալ:

Հայաստանի դիրքորոշումը ես համարում եմ բավական ռացիոնալ և այս իրավիճակում՝ բավական ճկուն, իսկ Ալիևի ելույթն արտահայտում էր որոշակի շփոթվածություն:

Կրկնում եմ՝ օրակարգը պետք է լինեն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի կետերը: Ուրիշ բան, որ դրան զուգահեռ համանախագահները փորձեն զուտ կարգավորման հետ կապված հարցեր առաջ քաշել: Եկեք արձանագրենք, որ այս իրավիճակում, քանի դեռ Միացյալ Նահանգների քաղաքականությունը այս տարածաշրջանում վերջնականապես ձևավորված չէ, Ռուսաստանի ազդեցությունը, ներկայությունը մեծանում է, և Հայաստանը, իհարկե, պետք է հաշվի առնի այդ հանգամանքը: Ինձ թվում է՝ առաջիկա մեկ-երկու ամիսներին որոշակի պարզություններ այդ հարցում կարձանագրվեն, բայց մոտ ապագայում ես գրեթե բացառում եմ Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ հարձակողական գործողություններ վերսկսելը:

Ի միջի այլոց, արժի ավելացնել, որ Հայաստանը պետք է նաև բարձրացնի այն հարցը, որ Ալիևը ՄԱԿ-ի այդ նույն ելույթում, ըստ էության, խախտեց միջազգային իրավունքի այն սկզբունքներից մեկը, որոնք ամրագրված են Մադրիդյան փաստաթղթում, այսինքն՝ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը: Ալիևը փաստացի ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ շատ հավանական է համարում Ապրիլյան պատերազմի նման նոր զարգացումները: Եկեք նաև հուսանք, որ այս իրավիճակում գուցե հնարավոր լինի այս հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցություն, որովհետև ռուս-ամերիկյան աննախադեպ լարված հարաբերությունները ոչ մի կերպ չեն կարող դրական լինել ո՛չ տարածաշրջանի, ո՛չ մեզ համար: Պատահական չէ, որ ՌԴ իշխանություններին մոտ կանգնած փորձագետները վերջերս առաջ են քաշում այդ հարցը: Հուսանք, որ ղարաբաղյան հարցը չի լինի այն կետը, որտեղ Մոսկվայի և Վաշինգտոնի հետաքրքրությունները կբախվեն, այլ կլինի որոշակի հետաքրքրություն:

ԻՆՉՈ՞Ւ ՉՆՇՎԵՑ ՎԻԵՆՆԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նյու Յորքի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած առաջին հանդիպումն էր վերջին մեկ տարվա ընթացքում, որից հետո տարածված ՀՀ ԱԳՆի հաղորդագրության չէր նշվում, որ հայկական կողմը շեշտել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը: Դա սկզբունքային մոտեցում էր ապրիլյան իրադարձություններից հետո: Ի՞նչն է պատճառը:

– Այստեղ ես ավելի շատ կարևորում եմ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից: Իր ելույթի շատ մեծ հատված հենց արցախյան կարգավորմանն էր վերաբերում: Կրկնում եմ՝ դա ռացիոնալ է: Բազմիցս հայտարարվել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգը մնում է, և ամեն դեպքում եռանախագահողները չեն կարողանա խուսափել այդ հարցերի քննարկումից: Բացի այդ, Ադրբեջանի այդ հայտարարությունները, նոր սպառազինություններ ձեռք բերելը ուղղակիորեն թելադրում են մեզ հասկանալ, որ մենք նույնպես հիբրիդային պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ, և այստեղ միայն բանակը չէ, որ լուծելու է այդ հարցը: Պատերազմում են ոչ թե բանակները, այլ պետությունները, և այդ Ազգ-բանակ ծրագիրը միայն բանակին չի վերաբերում: Այն պետք է իրականացվի ոչ միայն կառավարության, այլև մնացած բոլոր հնարավորությունների գործադրմամբ՝ չմոռանալով կարևորագույն բաղադրիչի՝ տեղեկատվական գործոնի մասին: Եվ այո, մենք պետք է առաջնորդվենք այդ հիբրիդային պատերազմի օրենքներով և այդ մոդելներով:

Ես բացառում եմ, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգը շրջանցվի բարձր մակարդակով հանդիպման ժամանակ: Հայկական կողմը դա թույլ չի տա: Ես չեմ կիսում այն տեսակետը, որ Ղարաբաղյան հակամարտությունը շատ մոտ է կարգավորմանը: Այսօր կարևորագույն խնդիրը հակամարտության կառավարումն է հենց առաջին գծում, և փաստ է, որ Ռուսաստանի ազդեցությունն ու դերակատարումն այստեղ բավական մեծ է:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱՎԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

Խնդիրը հետևյալն է՝ պե՞տք է արդյոք սպասենք նոր ջանքերի միջնորդների կողմից, և ի՞նչ նոր առաջարկներ կլինեն:

– Չէ, չէ: Մենք պետք է շատ նախաձեռնողական քաղաքականություն վարենք, ընդ որում ոչ միայն դիվանագիտական, այլև տեղեկատվական և այլ ոլորտներում: Կարծում եմ՝ կան մեծ քանակությամբ առաջարկներ, որ Հայաստանը կարող է անել՝ վստահ լինելով, որ Ադրբեջանը դա մերժելու է, և այդպիսով ավելի վատ դրության մեջ դնել ադրբեջանական կողմին:

Միջազգային կազմակերպություններում և արևմտյան երկրների կողմից Ադրբեջանի դեմ սկսված գործընթացների հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ Ադրբեջանը նավթային շատ լուրջ խնդիրներ ունի: Հիմնական նավթն արդեն սպառվել է: Ալիևը փորձում է ստորագրել ինչ-որ «նոր դարի պայմանագիր», բայց նավթային գործոնը հիմա էապես թուլացած է: Եվ եթե Արևմուտքը մինչև հիմա մատների արանքով էր նայում Ադրբեջանի ներքին իրավիճակին, մարդու իրավունքների այն խայտառակ խախտումներին, որ կատարում է Ադրբեջանի իշխանությունը, ապա այսօր արդեն ավելի օբյեկտիվ վերաբերվելու արգելափակումը էապես քչացել է: Այս իմաստով մեր խորհրդարանական դիվանագիտությունը և փորձագիտական հանրությունը խնդիր ունի շատ երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին բացատրելու, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցում միակ դիրքորոշումը, որով կարող են հանդես գալ այդ երկրները, Մինսկի խմբի ջանքերին սատարելն է: Որոշ երկրներ, օրինակ, նույն եվրոպական երկրները, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները կամ Եվրոպա ձգտող երկրները միակողմանի հայտարարություններ են անում, թե սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Նման հայտարարությունները խիստ դիսոնանսի մեջ են մտնում Եվրամիության և ՆԱՏՕ-ի տեսակետների հետ:

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է

Այնուամենայնիվ, ի՞նչ նպատակով է կազմակերպվում նախագահների հանդիպումը, զուտ հանդիպման համա՞ր: Ի՞նչ հարցեր կքննարկվեն նախագահների գագաթնաժողովի ընթացքում:

– Եթե դա նույնիսկ զուտ հանդիպման համար է, բայց այդպես չէ, դա նույնպես շատ կարևոր է, որովհետև նման հանդիպումները նպաստում են շփման գծում լարվածության թուլացմանը: Երկրորդը, վստահ եմ, որ սպասվող հանդիպումը չի լինելու զուտ հանդիպման համար: Արդեն ասացի՝ ես բացառում եմ, որ հայկական կողմը չի բարձրացնի շփման գծի լարվածության թուլացման հարցը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՍԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Ինչո՞վ եք բացատրում վերջին ամիսներին համեմատաբար ավելի խաղաղ վիճակը շփման գծում: Դա պայմանավորված է հայկական բանակի արդյունավետ գործողություններով, թե՞ գուցե կապված է նաև տարածաշրջանային, գլոբալ զարգացումների հետ:

– Ձեր փաստարկի հետ լրիվ համաձայն եմ: Այսօր շփման գծում իրավիճակը արցախյան կողմից ոչ մի ընդհանուր եզր չունի այն իրավիճակի հետ, որը կար անցյալ տարվա ապրիլին. շատ ավելի դրական վիճակ է, թեև բավարար չէ: Մենք երբեք չպետք է դրանով բավարարվենք: Սա գործոններից մեկն է: Երկրորդը՝ Ադրբեջանի շատ բարդ և խնդրահարույց հարաբերություններն են Արևմուտքի հետ: Երրորդը՝ սոցիալ-տնտեսական վատթարացող վիճակն է Ադրբեջանում: Ըստ որոշ փորձագետների գնահատման՝ դրա գագաթնակետը լինելու է այս տարվա վերջը և հաջորդ տարվա սկիզբը: Չորրորդ գործոնը Ադրբեջանի ներիշխանական իրադրությունն է, որտեղ ընթանում է դաժան կլանային պայքար: Մի անգամ ասել եմ, որ Ադրբեջանի կողմից նոր «ապրիլյան» հարձակումը կարող է նույնիսկ իշխանություն արժենալ Ալիևի համար: Նա կվտանգի իր իշխանությունը: Ադրբեջանում շատ լավ հասկացան այն, ինչ տեղի ունեցավ 2016 թ. ապրիլին, որ չնայած սպառազինությունների մեծ տարբերությանը՝ հօգուտ Ադրբեջանի, իրենց չհաջողվեց հասնել իրենց նպատակին կամ լուծել այն խնդիրը, որն իր առջև դրել էր ադրբեջանական կողմը, և ստացան շատ լուրջ հակահարված: Կարծում եմ՝ Ադրբեջանը դրանից շատ լուրջ հետևություններ է արել:

ՀԱՅԵՐՆ ՈՒ ՔՐԴԵՐԸ

Դուք սկզբում բարձրացրեցիք Իրաքյան Քրդստանի հանրաքվեի հարցը: Սա մի գործընթաց է, որը շատ երկար է տևելու: Սա դեռ սկիզբն է և սա առանձին խոսակցության նյութ է: Հայաստանը, իր դիրքորոշումն այս հարցում մշակելիս, պետք է հենվի հետևյալ սկզբունքների վրա: Առաջինը, այդ դիրքորոշումը պետք է սպասարկի բացառապես ՀՀ շահերը և անվտանգությունը, և ոչ մի դեպքում որևէ փաստարկ չպետք է բերվի այն սկզբունքի վրա, թե այն, ինչ վնաս է Թուրքիային, ձեռնտու է Հայաստանին: Մյուսը՝ ոչ մի դեպքում պետք չէ զուգահեռներ անցկացնել Արցախի ինքնորոշման և Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի միջև: Ընդհանրապես Արցախի հարցը խիստ տարբերվում է բոլոր նմանատիպ հիմնահարցերից: Այն առանձնահատուկ է իր մակարդակով՝ թե՛ միջազգային իրավունքի, թե՛ քաղաքական և թե՛ անվտանգության տեսակետից: Եվ որևէ զուգահեռներ ուղղակիորեն վնասում են մեր շահերին:

ՔՐԴՍՏԱՆԸ, ԿԱՏԱԼՈՆԻԱՆ, ՂԱՐԱԲԱՂԸ

Դա ամենահետաքրքիր հարցերից մեկն է, թե անկախության այս գործընթացները Քրդստանում, Կատալոնիայում ընդհանուր առմամբ գոնե կփոխե՞ն մթնոլորտը կամ կազդե՞ն միջազգային վերաբերմունքի վրա, որ ինքնորոշման իրավունքը ևս կարևոր է կամ չի ստորադասվում տարածքային ամբողջականության սկզբունքին:

– Վաղուց է, որ չի ստորադասվում: Կարծում եմ, որ երկակի ազդեցություն կունենան, բայց կրկնում եմ՝ չպետք է զուգահեռներ տանենք: Ինչ է տեղի ունեցել նույն Կատալոնիայում: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 5 միլիոն քաղաքացիներից մասնակցել է ընդամենը 2 միլիոնը: Երկրորդը, իրավական առումով այդ հանրաքվեն բավական խոցելի է: Երրորդը, ինչից սկսել էին՝ այսօր եկել են դրան, որ Մադրիդի և Բարսելոնայի միջև պետք է լինեն բանակցություններ: Չեմ բացառում, որ այստեղ թե՛ Կատալոնիայի և թե՛ Իսպանիայի ղեկավարությունները ներքաղաքական շահեր էին հետապնդում, բայց, համենայնդեպս, կարծում եմ, որ լարվածությունը կմեղմանա: Մադրիդի պահվածքը, իհարկե, անընդունելի և դատապարտելի է, և եթե Մադրիդի այս ճնշումները չլինեին, պատկերը բոլորովին այլ կարող էր լինել: Ընդամենը մեկ ամիս առաջ հանրաքվեի կողմնակիցները Կատալոնիայում մեծամասնություն չէին կազմում:

ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ ԵՆ, ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ՝ ԹՈՒԼԱՆՈՒՄ

Տպավորություն չունե՞ք, որ ամերիկյան քաղաքականության ակտիվության որոշակի պակասի պայմաններում (գուցե չհամաձայնեք դրա հետ) Ռուսաստանը և Թուրքիան գլխավորապես սիրիական հակամարտության կարգավորման համատեքստում կամ դրա պատճառով ավելի դոմինանտ են դառնում այս տարածաշրջանում՝ դրանից բխող հնարավոր հետևանքներով մեզ համար:

– Չէի ասի՝ Թուրքիան: Այնուամենայնիվ, Ռուսաստանը այս տարածաշրջանում Թուրքիայի այդ աստիճանի ակտիվություն թույլ չի տալիս, բայց որ Ռուսաստանի դերն այստեղ մեծանում է, դա փաստ է, և Հայաստանը պետք է հաշվի առնի այդ փաստը: Եվ այո, Միացյալ Նահանգների ազդեցությունն այստեղ առնվազն կարելի է համարել առայժմ անորոշ: Խոսքը տարածաշրջանի մասին է: Եվ այս վտանգավոր իրավիճակում պետք է ուղղակի զերծ մնալ կտրուկ քայլեր անելուց: Միաժամանակ շատ ակտիվ պետք է լինել, որովհետև ցանկացած բարդ, ճգնաժամային իրավիճակ ստեղծում է նաև հնարավորություններ:

ՀԱՅԱՍՏԱՆԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՉԻ՞ ՍՏՈՐԱԳՐՎԻ

Այսինքն՝ Դուք կարծում եք, որ դա կարո՞ղ է ինչոր կերպ ազդել ղարաբաղյան գործընթացի վրա:

– Իհարկե ազդում է, ուղղակիորեն ազդում է: Թե՛ ռուս-ադրբեջանական, թե՛ ռուս-թուրքական հարաբերությունները և թե՛ Արևմուտք-Ռուսաստան առճակատումը, որը հայտնի չէ՝ ինչով կավարտվի, ուղղակիորեն անդրադառնում են թե՛ Հայաստանի և թե՛ Լեռնային Ղարաբաղի վրա: Դրա համար եմ ասում՝ պետք է զերծ մնալ կտրուկ քայլեր անելուց, բայց միաժամանակ շատ ճկուն և ակտիվ գործել բոլոր պետական ու ոչ պետական կառույցներով և հնարավոր բոլոր ուղղություններով:

Այդ իմաստով, անկեղծ ասած, լուրջ կասկածներ ունեմ նոյեմբերին կստորագրվի համաձայնագիրը Եվրամիության հետ: Բավական լուրջ կասկածներ ունեմ: Բայց մի բանում էլ եմ վստահ՝ եթե հիմա չստորագրվի, ապա կստորագրվի հետո:

Իսկ ի՞նչ խոչընդոտներ պիտի լինեն:

– Իմ գնահատմամբ, գուցե սա վիճելի լինի, հատկապես վերջին մեկ-երկու ամիսների տարածաշրջանային զարգացումների համատեքստում (Ռուսաստանի ակտիվություն, Թուրքիա-Ռուսաստան և այլն), այս ամենի ֆոնի վրա Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագորւմն այնքան էլ չի ներդաշնակվում: Շատ կուզենամ, որ սխալվեմ, որովհետև ինչպես եվրահանձնակատար Յոհաննես Հանը ասաց՝ որքան շուտ ստորագրվի համաձայնագիրը, այնքան լավ: Բայց շատ լուրջ կասկածներ ունեմ, որ դա տեղի կունենա նոյեմբերին: Գուցե տեղի կունենա հետո: Այնուամենայնիվ, Հայաստանը հիմա աշխատում է ինչ-որ իմաստով դիվերսիֆիկացնել թե՛ իր արտաքին քաղաքականությունը և թե՛ անվտանգությունը, բայց տարբեր արագություններով: Եթե հուլիս-օգոստոս ամիսներին դա շատ ակտիվ էր արվում, հիմա գուցե պետք է ինչ-ինչ պատճառներով այդ արագությունը նվազեցնել, հետո ակտիվացնել, այսինքն՝ իրադարձություններին համապատասխան պետք է վարվել և ամենակարևորը՝ շատ ճիշտ հաշվարկներ անել:

Բայց եթե խոսքը Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին է, պետք է հասկանալ, թե ինչո՞վ է այս համաձայնագիրը հակասում Ռուսաստանի շահերին, որովհետև թե՛ հայկական, թե՛ եվրոպական կողմերը ասում են, որ համաձայնագիրը չի հակասում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

– Եվրոպական և հայկական կողմերը կարող են այդ տեսակետն ունենալ, բայց Ռուսաստանի շահերը որոշում է ինքը Ռուսաստանը: Արդեն ասացի, որ այս զարգացումների համատեքստում այդ քայլը, կարծում եմ, այդքան էլ չի ներդաշնակվում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում