Հոկտեմբերի 2-ին «Սևան» ՔԿՀ-ից պատիժը լրիվ կրելու կապակցությամբ ազատ է արձակվել Ալավերդու բնակիչ, ազգությամբ հույն Արմեն Ֆելիքսի Կիլինկարովը, որը ազատազրկվել էր սպանության մեղադրանքով, բայց այդպես էլ չէր ընդունել մեղքը:
2009 թվականի օգոստոսի 31-ին ապացույցների բացակայության պայմաններում դատարանը նրան մեղավոր ճանաչեց 10 տարվա վաղեմության սպանության մեջ՝ Ալավերդու բնակիչ Արսեն Շաքարյանի նկատմամբ: Մեղադրող կողմը դատարանին միջնորդեց կիրառել առավելագույն պատժաչափ՝ 12 տարի ժամանակով՝ չնայած հենց ինքն էլ նշում էր, որ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: Դատարանը, սակայն, սահմանեց 8.5 տարվա ազատազրկման պատիժ, ապա հաշվարկելով նախկինում այլ հանցանքի համար Արմեն Կիլինկարովի կրած 4 տարվա պատիժը` վերջնական պատժաչափ սահմանեց՝ 5 տարի:
Դատապարտվելուց հետո պաշտպանական կողմի նախաձեռնությամբ և դատարանի որոշմամբ նրա նախնական կալանքի մեկ օրը օրուկես հաշվելու սկզբունքով պատիժը կրճատվեց համարյա 1 տարով:
2000 թվականի դեկտեմբերին մի խումբ ալավերդցիներ, այդ թվում՝ Գագիկ Շահվերդյանը, Աշոտ Շաքարյանը, Լոռու մարզի ներկայիս մարզպետ Արթուր Նալբանդյանը և ուրիշներ, վիճաբանել էին Արմեն Կիլինկարովի եղբոր` Գագիկ Կիլինկարովի հետ, որի ընթացքում Աշոտ Շաքարյանը որսորդական հրացանով դիտավորությամբ հրազենային վնասվածք էր պատճառել Գագիկ Կիլինկարովին` կրակելով նրա ոտքերին: Այս արարքից հետո Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ էր կալանավորվել, բայց հետո փոխվել էր նրա խափանման միջոցը և դատավճռով ենթարկվել էր դրամական տուգանքի:
Հետագայում այս դեպքն էր համարվում որպես սպանության վարկած, թե՝ Արմեն Կիլինկարովը եղբոր համար վրեժխնդիր է եղել՝ նրան վնասողի եղբորը նույն ձևով վնասելով: Իսկ 2012 թվականի հունվարի 12-ին, երբ Արմեն Կիլինկարովն անազատության մեջ էր, մարզպետ Արթուր Նալբանդյանի թիմակից Գագիկ Շահվերդյանի որդու՝ 24-ամյա Վասիլի կողմից սպանվեց Գագիկ Կիլինկարովը: Հրազենային կրակոցից նա տեղում մահացել էր, իսկ Կիլինկարովների ընկերը՝ Արմեն Կոստանդյանը, վիրավորվել: Դեպքից անմիջապես հետո մեղայականով ներկայանալով իրավապահներին՝ Վասիլը հայտնել էր, որ սպանությունը կատարել է վրեժխնդրության հողի վրա, քանի որ տարիներ առաջ Կիլինկարովներն սպանել են իր եղբորը:








































