Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները միաձայն ընդունել են օրենք, որն ուղղված է երկրի անդրծովյա դեպարտամենտներում ոսկու անօրինական արդյունահանման դեմ պայքարի ուժեղացմանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այդ օրենքը մասնավորապես վերաբերում է ֆրանսիական Գվիանային, որտեղ բազմաթիվ հանցավոր խմբավորումներ են գործում: Օրենքի դրույթները թույլ են տալիս կասկածելի մարդկանց կալանքի ժամկետը 48-ից հասցնել 96 ժամվա: Դա արվել է՝ ժամանակ տալու ժանդարմերիայի ու բանակի ստորաբաժանումներին ջունգլիներից քաղաքներ հասցնել կասկածելի ձերբակալված անձանց:
Խիստ վերահսկողության տակ է առնվում նաև ցանկացած որոնողական սարքավորման վաճառքն ու տեղափոխությունը: Օրինախախտներին սպառնում է 2 տարվա ազատազրկում և 30 հազար եվրո տուգանք:
Ֆրանսիական Գվիանայում ոսկու անօրինական արդյունահանումը լուրջ տնտեսական վնաս է հասցնում Ֆրանսիայի բյուջեին: Փորձագետների գնահատականներով՝ երկիրը տարեկան կորցնում է 10 տոննա ոսկի, այսինքն՝ մոտ 100-200 մլն դոլար:








































