Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ընթանում է Ռուբեն Գասպարյանի գործի դատավարությունը:
Վաշտի հրամանատար, կոչումով կապիտան Ռուբեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքը հնչում է այսպես. «2013 թվականի մարտի 20-ին զորամասի շարահրապարակում կապիտան Գասպարյանը խախտել է մարդու արժանապատվության, հիմնական իրավունքների ու ազատությունների՝ բարձրագույն արժեք լինելու մասին սահմանադրական նորմը ու ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի մի շարք հոդվածներ»: Նա առավոտյան մարմնամարզությանը չմասնակցելու կապակցությամբ հայհոյանքներ տալով ծեծի է ենթարկել ժամկետային զինծառայող, շարքային Ա. Նազարյանին:
Քիչ անց, ըստ մեղադրանքի՝ շարահրապարակում շարքային Նազարյանի կողմից ավագ լեյտենանտ Հախվերդյանի հասցեին անտեղի արտահայտություն անելու կապակցությամբ կապիտան Գասպարյանը, շարունակելով հանցավոր «գործունեությունը», իր աշխատասենյակում ձեռքով հարվածել է Նազարյանի գլխին ու պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
27-ամյա Ռուբեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Նույն դատարանում նույն դատավորի նախագահությամբ ընթանում է նաև զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով՝ մայոր Սամվել Մարտիրոսյանի գործի դատավարությունը:
Մայոր Մարտիրոսյանը, ըստ մեղադրանքի, զորամասն ինքնակամ թողնելու համար 2013 թվականի հունիսի 7-ին դիտողություն է արել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող ժամկետային զինծառայող, շարքային Տ. Գրիգորյանին, հայհոյանքներ է տվել վերջինիս ու ոտքով մի քանի անգամ հարվածել զինվորի ոտքին:
Նույն օրը զորանոցում բջջային հեռախոսով խոսելու համար մայոր Մարտիրոսյանը դիտողություն է արել շարքային Է. Զաքարյանին, հայհոյել ու ծեծել է նրան՝ ձեռքերով մի քանի անգամ հարվածելով նաև այս զինվորի գլխին:
50-ամյա մայոր Մարտիրոսյանին 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով: Նրա խափանման միջոցը ևս ստորագրությունն է չհեռանալու մասին:








































