Հոկտեմբերի 1-ին քիմիական զենքի ոչնչացման հարցով մասնագետների միջազգային խումբը ժամանել է Սիրիա: 20 մարդուց բաղկացած թիմը կցուցակագրի զանգվածային ոչնչացման զենքը, որը կոչնչացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հիման վրա: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները Սիրիայի տարածք են մտել Լիբանանից, որտեղ ժամանել էին նախօրեին: Այժմ նրանք ուղևորվում են Դամասկոս, որտեղ պետք է հանդիպեն արտաքին գերատեսչության ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Սիրիայի արտգործնախարարը փորձագետներին պատմել է սպասվող աշխատանքի բարդությունների մասին: Նրա խոսքերով՝ քիմիական զենքի 19 պահեստներից յոթը (AFP-ի տվյալներով՝ Սիրիայում կա 45 պահեստ) գտնվում են մարտական գործողությունների գոտում: Որպեսզի միջազգային փորձագետները կարողանան հասնել դրանց, ամենայն հավանականությամբ, կպահանջվի, որ հակամարտող կողմերը փոխադարձ համաձայնությամբ ժամանակավորապես դադարեցնեն կրակը:
Ծրագրի համաձայն՝ Սիրիայի իշխանությունները քիմիական զենքի պաշարները պետք է ոչնչացնեն մինչև 2014թ. կեսերը:









































