ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն աշխատել է պրոֆեսիոնալ, շատ նորմալ: Լրագրողների հետ ճեպազրույցում Աբրահամյանը նշեց, որ չի ժխտում՝ եղել են թերություններ:
«Հանրապետության նախագահի առաջարկած նոր թեկնածուն, համոզված եմ, պրոֆեսիոնալ է, ունի լավ գիտելիքներ: Գոնե իր աշխատած տարիներին մենք դրանում համոզվել ենք»,- ասաց նա:
Հ.Աբրահամյանը նշեց, որ լսելով Կոստանյանի ելույթը, նաև մասնավոր խոսակցությունների ընթացքում զգացել է նրա մոտեցումները, այն, որ Կոստանյանը տրամադրված է արդար, ազնիվ աշխատել և փորձելու է, իր պաշտոնն օգտագործելով, հնարավորության սահմաններում արդարադատություն սահմանել իրավապահ մարմիններում: Դիտարկմանը՝ արդյոք խնդիրը համակարգայի՞ն է, թե՞ անձերից է կախված, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ցավոք սրտի, մեր երկրում դեռ անձերից շատ բան է կախված»:








































