Մաքսային միությունն ու եվրաինտեգրումն իրար հակադրել պետք չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Չի կարելի հակադրել Մաքսային միություն ու եվրաինտեգրման գործընթացը, ընդհանուր Ասոցացման համաձայնագիրը կարելի է որոշակի փոփոխությունների ենթարկել և շարունակել բանակցությունները:
Ես համամիտ չեմ, որ ասում են՝ այս մեկի պարագայում մյուսն ընդունելի չէ»,- ասաց նա:
Վ.Այվազյանը հավելեց, որ անհրաժեշտ է անել մի պարզ հարցադրում, որի պատասխանն արդեն իսկ կա բոլոր հարցերի մեջ. «Ի՞նչ են վաճառում Եվրոպային և ի՞նչ՝ Ռուսաստանին: Եվրոպային՝ պղինձ, մոլիբդեն և մի քանի այլ բաներ՝ չնչին քանակությամբ, իսկ ամբողջ Ռուսաստանին՝ տնտեսական, ձկնային արտադրանք, կոնյակ, գինի և էլի շատ բաներ: Մեզ համար երկուսն էլ կարևոր են, բայց երբ համեմատական են անցկացնում, պետք է առարկայական խոսել:
Ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ եվրոպամետ՝ ես հայամետ եմ. պետք է տեսնել քո երկրի շահը: Ասոցացման համաձայնագրի կողմ է Թուրքիան, ո՞նց եք պատկերացնում ազատ առևտուր Թուրքիայի հետ փակ սահման ունենալու դեպքում, ինչպե՞ս կարելի է խոսել այդ մասին, ազատ առևտրի մասին, երբ կա փակ սահման»,- ասաց նա:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե, փաստորեն, երեքուկես տարի չգիտեի՞ն, որ փակ սահման կա և նո՞ր իմացան, Վ.Այվազյանը պատասխանեց. «Երեքուկես տարի քննարկվում էր, որ ունենայինք մեխանիզմներ, երեքուկես տարի հրավիրված չէինք եղել Մաքսային միության անդամ լինելու համար, չեղավ դոնորների կոնֆերանս: Պետք չէ հիմա հիմնվել մեկ բանի վրա և անընդհատ ասել՝ երեքուկես տարի առաջ այսպես, այնպես…Ես խոսում եմ մեր երկրի շահերից ելնելով»:
Հարցադրմանը ի պատասխան, թե խնդիրը փակ սահմա՞նն էր, որն այդպես էլ չբացվեց, և, իր իսկ խոսքով, ազատ առևտուր իրականացնել թույլ չտվեց, բանախոսն ասաց. «Դուք ծայրահեղացնում եք, խնդիրներից մեկն էր դա»:
Նրա դիտարկմամբ՝ Մաքսային միությանն անդամագրվելու դեպքում չկա ինքնություն կորցնելու խնդիր, ինչպես որ այս օրերին ներկայացնում են բազմաթիվ փորձագետներ ու քաղաքական ուժեր:
Բանախոսն ընդգծեց, որ, անկասկած, այս ամենից մեզ եվրաինտեգրումն օդի նման պետք է, բայց ուրիշ բան է՝ Ազատ առևտրի պայմանագիր, որը, ըստ նրա՝ անհնար է իրագործել Թուրքիայի հետ փակ սահման ունենալու պարագայում: «Միանշանակ, ԵՄ-ի դուռը չի փակվում, համոզված եմ, որ շարունակվելու է Հայասանի հետ Եվրոիներգրման գործընթացը, պետք չէ ամեն ինչ դրամատիկացնել: Որևէ մեկն իմ դիմաց դուռ չի փակել, եթե ինչ-որ մեկի առաջ փակել են՝ դա ուրիշ հարց»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե այս որոշմամբ Վրաստանի հետ խնդիրներ չե՞ն ծագի արդյոք, Վարդան Այվազյանն ասաց. «Բացառվում է: Մենք խնդիր չենք ունենալու Վրաստանի հետ: Այն ռեժիմները, որ գործում են այսօր, գործելու են նաև այն դեպքում, երբ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, իսկ Վրաստանը Ասոցացման համաձայնագիր նախաստորագրի»:
Լուսանկարը՝ Photolure-ի








































