Քիմիական զենքի հարցերով ՄԱԿ-ի փորձագետների խումբն այսօր ավարտել է քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունների հետաքննությունն ու լքել Դամասկոսը: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի տեսուչների պատվիրակության ղեկավար Օկե Սելստրոմը հայտարարել էր, որ այցի ընթացքում փորձագետները չեն կարող այցելել բոլոր վայրերը, որտեղից ստացվել են մարտական թունավոր նյութի կիրառման մասին հաղորդագրություններ: Նա չէր բացառել դեպի Սիրիա նոր տեսչական այցի հնարավորությունը քիմիական հարձակման ենթադրյալ վայրեր, սակայն ասել էր, որ ընթացիկ այցը չի երկարաձգվի:
Ուրբաթ օրը ՄԱԿ-ը հայտարարել էր, որ այցի ընթացքում փորձագետները պետք է Սիրիայում 7 վայր ուսումնասիրեն, որտեղ ենթադրաբար քիմիական զենք է կիրառվել:







































