«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայրենիք և պատիվ» կուսակցության, «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի նախագահ Գառնիկ Մարգարյանը:
– Պարոն Մարգարյան, օրեր առաջ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, թե առաջին և երկրորդ նախագահների օրոք Հայաստանը վարում էր բալանսավորված, իր իսկ խոսքերով՝ հավասարակշռված արտաքին քաղաքականություն, և որ դա խախտվեց միայն Սերժ Սարգսյանի օրոք, մասնավորապես՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությամբ: Հատկապես Ռոբերտ Քոչարյանի մասով համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:
– Ո՞րն էր բալանսավորված… Եթե Հայաստանի մտավորականությունը չբարձրանար՝ Մեղրին կհանձներ Լաչինի փոխարեն. դա՞ էր բալանսավորված…
– Երևի թե նկատի ունե՞ր, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև էր բալանսավորված:
– Իմ սեփական, մեր կուսակցության, «Հակակոռուպցիոն»-ի կարծիքին այն է, որ Ռոբերտ Քոչարյանը հանգուցյալ Դեմիրճյանից 98 թվականին բռնազավթելով իշխանությունը, չթողնելով նրան նախագահ դառնալ՝ շատ պարզունակ ներքին ու արտաքին քաղաքականություն էր վարում:
Արտաքին քաղաքականության ի՞նչն էր բալանսավորված, երբ Ռուսաստանի հետ կարելի էր պահպանել տնտեսությունը, հատկապես պետական ոլորտի ձեռնարկությունները՝ օգտվելով ռուսական որոշակի ներդրումներից և տեխնոլոգիաներից: Դա չարվեց, Արևմուտքի թելադրանքով էլ երկիրը բացարձակապես զրկվեց արդյունաբերությունից. Սա՝ տնտեսական ոլորտում… Իսկ արտաքին հարաբերություններում այն այնքան թույլ էր, որ բոլոր խնդիրները լուծվում էին կամ Մոսկվայում, կամ Փարիզում: Սա թույլ նախագահի կարգավիճակ էր: Ռոբերտ Քոչարյան-Վարդան Օսկանյան քաղաքականությունը ձախողված էր և տապալված:
– Այդ դեպքում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էր նմանատիպ հայտարություններով հանդես գալիս:
– Իսկ ում հայտնի չէ՞, որ դեռ այն ժամանակ, երբ Հայ ազգային կոնգրեսը 17 կուսակցություններով միասնաբար աշխատում էր, Կոնգրեսի ակտիվիստները, ինչու չէ՝ նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էին, որ պետք է համագործակցության եզրեր գտնել Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ մենք գիտենք, որ Գագիկ Ծառուկյանի թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը: Սա գաղտնիք չէ, այս եռյակն աշխատում է միասին, և ամեն ինչ արվում է, որ Սերժ Սարգսյանի միակ դրական՝ Մաքսային միությանն անդամագրվելու քայլը տապալվի: Հաջորդ դրական քայլը դեռ չի արվել՝ երկիրը մաքրել թալանչիներից, մտածել տնտեսության զարգացման մասին: Դա չի արվել, և կարծում եմ՝ ի վիճակի էլ չի անելու, բայց հիմա ուզում են մի դրական քայլին էլ խոչընդոտել՝ Արևմուտքի թելադրանքով… Կրկնում եմ՝ գաղտնիք չէ, որ այդ եռյակը միասին է աշխատում:
– Իսկ համաձա՞յն եք այն տեսակետների հետ, թե հիմա Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու և իշխանափոխություն իրականացնելու ամենահարմար ժամանակն է:
– Նրանք, ովքեր այդպիսի գնահատական են տալիս, փորձում են հիմնավորել մուտքը Ռոբերտ Քոչարյանի՝ մի մարդու, որը դեռ պատասխան չի տվել Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի և այլ դեպքերի համար: Այդպիսի մարդիկ հայ չեն… Նրանք պարզապես պատվեր են կատարում:
– Հնարավոր համարո՞ւմ եք երեք նախագահների հանդիպումը և քննարկումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, ինչպե՞ս եք առհասարակ վերաբերվում այդ առաջարկին:
– Նախ ասեմ՝ նման բան չի լինի. դա իմ կարծիքն է: Երկրորդ՝ ես ընդհանրապես որպես հայ մարդ, որպես սպա, որպես քիչ թե շատ քաղաքականությամբ զբաղվող մարդ՝ գտնում եմ, որ բոլոր տեսակի հանդիպումներն օգտակար են, բայց որտեղ կա Ռոբերտ Քոչարյան՝ պետք է բացառել, որ որևէ դրական արդյունք կլինի:






































