Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ Պոլսո պատրիարքի ընտրությունների համար ձևավորված նախաձեռնող խումբը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացը: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները կարող են անցկացվել 2017 թվականի նոյեմբերին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Նա այն կարծիքին է, որ Թուրքիայի իշխանությունները չեն կարող միջամտել գործընթացին, ավելին՝ եթե Էրդողանը իր նախընտրած թեկնածուին մատնանշի, ապա անհավանական է, որ այդ թեկնածուն ընտրվի: Այս պահին թեև դեռ պաշտոնապես չեն հրապարակվել պատրիարքի թեկնածուների անունները, սակայն շրջանառվում է չորսի՝ Արամ Աթեշյանի, Սահակ Մաշալյանի, Գարեգին Բեքչյանի, Սեպուհ Չուլջյանի թեկնածությունը:
Բագրատ Էստուկյանի դիտարկմամբ՝ թեև Արամ սրբազանը կլինի թեկնածու, բայց պատրիարք ընտրվելու ավելի մեծ հնարավորություն ունի Սեպուհ սրբազանը: Նրա խոսքով՝ Արամ Աթեշյանը դեռ Ստամբուլում չէ, բայց Արամ Աթեշյանի նկատմամբ որևէ հետաքրքրություն այլևս չկա:
«Մի քանի մարդ կա, որ աշխատում է ի նպաստ իրեն, բայց շատ մեծ աջակցություն չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե թուրքական իշխանությունները շարունակեն աջակցել Արամ Աթեշյանին, ապա հանրությունը ճիշտ հակառակ վերաբերմունք կունենա տվյալ թեկնածուի նկատմամբ:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք Արամ Աթեշյանից հետո պատրիարքությունում չարաշահումներ հայտնաբերվե՞լ են, Բագրատ Էստուկյանը նշեց, որ եկեղեցին սովորաբար նման բաները գաղտնի է պահում, չի հրապարակում:
Թե թեկնածուներից որ մեկին կաջակցի Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը՝ Բ. Էստուկյանը դժվարացավ ասել: Հանձնախումբը գործում է բաց և թափանցիկ: «Ակոս»-ի հայկական բաժնի խմբագիրը նշեց, որ ամեն ինչ հանրայնացվում է:
Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից, սակայն տևական ժամանակ չէր հրաժարվում փոխանորդի պաշտոնից։ Ավելի ուշ նա ստիպված եղավ հրաժարականի դիմումը գրավոր ներկայացնել, ինչն արհեստականորեն ձգձգում էր, և դատարկեց նաև իր գրասենյակը:







































