«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
-Պարոն Ենոքյան, անցյալ շաբաթավերջին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հայ–ամերիկյան տնտեսական հարաբերության թեմայով, նշել, որ մեզ դեռևս չի բավարարում հայ–ամերիկյան այսօրվա հարաբերությունների մակարդակը. զարգացման շատ մեծ ներուժ կա: Ինչո՞ւ հիմա Սերժ Սարգսյանը հիշեց հայ–ամերիկյան հարաբերությունների մասին:
–Վերականգնվող էներգետիկայի բնագավառում խոշորագույն ներդրումների ամերիկյան առաջարկն այնպիսին էր, որից ոչ մի խելամիտ երկիր չէր կարող հրաժարվել, սակայն Սերժ Սարգսյանը չի կարողանում տալ իր համաձայնությունը։ Նա, բառիս բուն իմաստով, հայտնվել է թակարդում։ Այս իրավիճակում նա պարզապես ջանքեր է գործադրում ցույց տալու, թե հայ-ամերիկյան հարաբերություններում ինքը ինչ-որ հեռանկարներ է տեսնում, որ Հայաստանը ցանկություն ունի այդ հարաբերությունները զարգացնելու և այլն։ Իրականում 8 միլիարդ դոլարի ներդրումների առաջարկին չարձագանքելը ամբողջովին բացահայտում է Հայաստանի արտաքին քաղաքականության ռուսական վեկտորը և Ռուսաստանից այնքան խիստ կախվածությունը, որ անգամ շատ փոքր ինքնուրույնություն չի թույլատրվում Հայաստանին։
–Ի դեպ, Սերժ Սարգսյանը այդպես էլ չհիշատակեց՝ շաբաթներ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն այն մասին է, որ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի գործակցության ներդրումային ներուժ կա: Ըստ Ձեզ, ինչո՞ւ:
-Սերժ Սարգսյանը չի կարողանում Ռուսաստանից թույլտվություն ստանալ այս ծրագիրն իրագործելու համար, որովհետև դրա իրագործումը նշանակում է ազատագրվել ռուսական էներգետիկ մենաշնորհից՝ կլինի գազի մատակարարման, էլեկտրաէներգիայի արտադրության, թե դրա բաշխման ոլորտում։ Ընդ որում, այս մենաշնորհը Ռուսաստանի համար էական տնտեսական նշանակություն չունի, քանի որ գազամուղը տարացիկ չէ և սնում է միայն Հայաստանին, իսկ մեր երկրից ստացված «Գազպրոմ»‑ի շահույթները պարզապես փշրանքն են նրա հզորագույն ֆինանսա-տնտեսական բուրգում։ Ավելին, այս գազային կապանքից ազատվելը Հայաստանին չի կարող դնել ռուսական ազդեցության ոլորտից դուրս, քանի որ Հայաստանը, միևնույն է, մնում է ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ, Հայստանում տեղադրված է խոշորագույն ռուսական զորախումբ, Ռուսաստանն է մեր զենքերի հիմնական մատակարարը, Ռուսաստանն է մեր հիմնական շուկան, և այլն։ Սակայն այս ամենով հանդերձ Մոսկվան Հայաստանին զրկում է զարգացման անգամ ամենափոքր հնարավորությունից։
-Արդյո՞ք սա կարող է պայմանավորված լինել նախօրեին Տավուշի մարզ կատարած «ռազմականացված» այցից անմիջապես հետո, որն էլ իր հերթին հաջորդել էր Նալբանդյան–Մամեդյարով հանդիպմանը:
-Անմիջական կապ չեմ տեսնում, որովհետև, անկախ ամեն ինչից, Միացյալ Նահագները կատարում է Մինսկի խմբում մեզ համար իր դրական դերը, որը բխում է առաջին հերթին իր շահերից, և հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ խորհրդակցությունները հազիվ թե դրա վրա ազդեցություն ունենան։
–Հնարավո՞ր է արդյոք տողատակում ինչ–որ ակնարկներ կան Ռուսաստանին:
-Ռուսաստանին ինչ-որ ակնարկներ անելու հնարավորություն Հայաստանը չունի, քանի որ այնքան է դարձել նրա հլու կամակատարը, որ անգամ Ռուսաստանը Հայաստանում լեզվի օրենք է թելադրում։
-Որքանո՞վ այս փուլում հնարավոր կլինի զարգացնել հայ–ամերիկյան հարաբերությունները:
-Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման մեծ հնարավորություններ չկան։ Կարծում եմ՝ Հայաստանն այս հարաբերություններում ամբողջովին զրկված է նախաձեռնողականությունից, իսկ ամերիկյան առաջարկների համար միշտ թույլտվություն է հայցում Մոսկվայից։









































