ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում սննդի որակի ու ճաշացանկի բազմազանության ապահովման համար Կառավարության որոշմամբ փոփոխություններ են արվել: Այս մասին այսօր «Ազատազրկվածների սննդի որակն ու պահման այլ պայմանները քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Արմեն Հակոբյանը:
«Ներկայում նախատեսած է, որ 2017-ին ՔԿՀ-ների համար ձեռք կբերվի 30 000 կգ բանջարեղեն, որը նախկինում նախատեսված չի եղել: Բացի այդ, նախատեսվում է այս տարի ձեռք բերել 10 000 կգ պոմիդոր և վարունգ ընդհանուր քանակությամբ, 5000 կգ՝ սմբուկ, 5000 կգ՝ բիբար: Նախկինում անվանացանկով նախատեսված է եղել բանջարեղեններից բազուկը, կաղամբը, ստեպղինը: Ներկայում կառավարության որոշումը փոխվել է այն կոնտեքստում, որ ապահովի չափաբաժիններն ու բազմազանությունը, ինչպես նաև դատապարտյալներին անհրաժեշտ կիլորիականությունը», -ասաց Հակոբյանը՝ վստահություն հայտնելով, որ նախատեսված փոփոխություններով վիճակը կբարելավվի:
Հուլիսի 1-ից սննդի չափաբաժինը ՀՀ բանտերում նվազեցվել է: Կառավարության որոշմամբ՝ 650 գրամ հացի փոխարեն դատապարտյալն օրական կստանա 500 գրամ հաց: 90 գրամ փափկամիսը դատապարտյալները հուլիսի 1-ից կստանան ամսական 16 օր, 25 գրամ պանիրը ևս ամեն օր չեն ստանա՝ ամսական 15 օր:







































