Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում իշխանություն-ընդդիմություն հնարավոր երկխոսությանը, ինչին ի պատասխան նա ասաց, որ ԲՀԿ-ն ողջունում է յուրաքանչյուր երկխոսություն քաղաքական ուժերի միջև, որը բերելու է մեր երկրի կայունությանը, ամրապնդմանը, հզորությանն ու բարգավաճմանը: «Այդ առումով իշխանություն-ընդդիմություն սկսված երկխոսությունը, բնականաբար, մեզ համար լրիվ ընդունելի ձևաչափ է, որովհետև մեր կուսակցությունը քաղաքացիական համերաշխության կուսակցություն է և քաղաքական երկխոսության ու հանդուրժողականության մթնոլորտը պետք է լինեն ներքաղաքական մշակույթի անքակտելի մասը»:
Մեր այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ընդդիմության հետ երկխոսության գնալուց առաջ այս քայլերը ԲՀԿ հետ համաձայնեցրե՞լ է և արդյո՞ք ԲՀԿ-ն մասնակցելու է այս երկխոսությանը ու ի՞նչ ձևաչափով՝ պատասխանեց. «Կոալիցիան երկրի համար բոլոր կարևոր հարցերն էլ քննարկում է: Բնականաբար, երբ կլինեն քննարկումները ձեր ձևաչափի շարունակության մասին, նոր մենք կասենք, թե ինչ կերպ կարող ենք մասնակցել»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին առանձին է մասնակցելու, հետևաբար Խաչիկ Գալստյանից հետաքրքրվեցինք նաև, թե առաջիկայում ի՞նչ զարգացումներ են սպասվում քաղաքական դաշտում: «Նորմալ, բնականոն քաղաքական զարգացումներ»,- կանխատեսեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը:







































