Ֆրանսիական արդարադատությունը մերժել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտպանության միջնորդությունը և նրան դեռ 2007 թ. նախընտրական քարոզարշավի կեղծիքներին վերաբերող գործի մեղադրյալ է համարել: Այս որոշումն այսօր հրապարակել է Բորդո քաղաքի վերաքննիչ դատարանի հետաքննչական պալատը:
Հիշեցնենք, որ «Բետանկուրի» գործը կապված է Ֆրանսիայի ամենահարուստ կնոջ՝ «Լորեալ»-ի տիրուհի Լիլիան Բետանկուրի անվան հետ: Այս գործի պատճառը Բետանկուրի նախկին հաշվապահի ցուցմունքներն են այն մասին, որ 2007 թ. իրենից պահանջել են Սարկոզիի լիազորված անձին նախընտրական քարոզարշավի համար 150 հազար եվրո փոխանցել:
Մարտի վերջին խաչաձև հարցաքննումից հետո Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել:
Քաղաքական գործիչը բազմիցս հայտարարել է, որ մաքուր է օրենքի առջև, և որ իր քարոզարշավի բոլոր հաշիվները բաց են ցանկացած ստուգումների համար:
Այժմ դատարանը պետք է որոշի, թե մեղադրվողներից ով պետք է կանգնի դատական հաջորդ ատյանի առջև, և թե ում նկատմամբ մեղադրանքները պետք է հանվեն: Այս որոշումը պետք է հրապարակվի մոտ ժամանակներս:







































