Ջեյն Օսթինի տուն-թանգարանը, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի Հեմփշիր կոմսության Չոութեն քաղաքում, հայտարարել է այն մասին, որ գումար է գտել, որպեսզի գրողի մատանին գնի փոփ-երգչուհի Քելի Քլարքսոնից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելել էր երկրից դուրս բերել փիրուզե քարով ոսկե մատանին, որը Քլարքսոնը գնել է աճուրդում: Դա արվել է այն հույսով, որ կգտնվի անհրաժեշտ գումարը՝ թանկարժեք իրը գնելու և այն Բրիտանիայում թողնելու համար:
Արդյունքում մեկ ամսվա ընթացքում թանգարանը հավաքել է 157 740 ֆունտ՝ ցուցանմուշը պահպանելու համար:
Ավելի վաղ անհայտ մնալ ցանկացող հովանավորը Ջեյն Օսթինի թանգարանի հիմնադրամին 100 հազար ֆունտ էր փոխանցել՝ զարդը գնելու համար:








































