Նորք-Մարաշի զինված խմբի գործով որպես մեղադրյալ անցնող Նելլի Մինասյանի համար անհասկանալի է, թե ինչու են դատական նիստերը դեռ չմեկնարկած ավարտվում, և ինչու է ամբողջ դատավարությունը կենտրոնացել միայն գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի վրա, երբ մի քանի տասնյակ ուրիշ մեղադրյալներ կան: «Հստակ չեմ կարող ասել, որ որևէ միտում ունի դատերը հետաձգելը, թե ոչ, սակայն այն փաստը, որ անհիմն տեղն է հետաձգվում, միանշանակ է և չպատճառաբանված: Ինչ-որ տեղ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դատավորը շարժվում է միայն սեփական քմահաճույքով՝ մեկ այս մի բառը դուրը չեկավ՝ կարելի է նիստը հետաձգել, այս մեկը չկանգնեց իր դահլիճ մտնելուց՝ հետաձգել, ու այդպես շարունակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նելլին՝ հավելելով. «Ամբողջ դատավարության ընթացքում խոսվում է միայն Շիրխանյանի հետ ու նրա շուրջ, դատավորն ամեն մի չնչին առիթ բաց չի թողում, կարծես՝ փորձում է ամեն կերպ այդ տարիքով մարդուն ստորացնել, սակայն, վստահ, չի ստացվում: Անհասկանալի է, թե ուր է մնացել բարոյական արժեքը, Շիրխանյանը հստակ նշում է, որ չկանգնելու պատճառը ֆիզիկական ցավերն են, այլ ոչ թե անհարգալից վերաբերմունքը, եթե ամեն ինչ դատավորի մոտ հարթ լիներ, միանշանակ այս հարցին կընդառաջեր: Ակնհայտ է, որ ընդդեմ Շիրխանյանի կա որևէ միտում, որի պատճառը չգիտեմ, գուցե Շիրխանյանը «31»-ի գործով ակնհայտորեն նշեց պատճառը»:
Նելլին մինչ օրս էլ համարում է, որ իրենց գործը շինծու է, սակայն, առանձնապես սպասելիք չկա, որ դատարանում կհաջողվի դա ապացուցել: «Այսօրվա դատարաններն ինչ ուզեն, ոնց ուզեն՝ կհիմնավորեն, դրանում վստահ եմ, քչերը չեն առանց հիմնավոր պատճատների դատվել, մեր գործով վստահ եմ, որ ամեն ինչ շինծու է, և եթե ոչ բոլորին, ապա մեծ մասին առաջադրված մեղադրանքները հիմնավորված չեն և չեն էլ կարող հիմնավորվել»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Վահան Շիրխանյանին, Վոլոդիա Հովհաննիսյանին և այլ անձանց:
Ըստ քրեական գործի` 2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Լուսանկարը՝ armtimes.com-ի










































