Սեպտեմբերի 19-ին Հռոմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պյեռֆերդինանդո Կազինիի հետ։
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել է տարբեր բնագավառներում հայ-իտալական փոխգործակցությունը, մտքեր փոխանակեցին միջխորհրդարանական, ապակենտրոնացված, առևտրատնտեսական համագործակցության շուրջ, կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները անդրադարձ են կատարել միջազգային օրակարգի հարցերին, մտքեր փոխանակել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Սենատոր Կազինիի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացո Մարինոյի հետ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող երկու մայրաքաղաքների` Երևանի և Հռոմի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։
Երկուստեք կարևորվել է Հռոմում և Երևանում համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումը, ինչը զրուցակիցների համոզմամբ լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար։
Հանդիպմանը քննարկվել է մշակույթի, տուրիզմի և առողջապահության ոլորտներում Երևանի և Հռոմի միջև հնարավոր համագործակցության առնչվող հարցեր։
Հռոմում նախարար Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի Սենատի և Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ։
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ է նշել, որ Իտալայի խորհրդարանում հարյուրից ավելի անդամ ունեցող Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խումբը կարևոր ներդրում կարող է ունենալ հայ-իտալական համագործակցության զարգացման գործում։
Էդվարդ Նալբանդյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և պատասխանեց նրանց բազմաթիվ հարցերի։









































