«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը։
-Պարոն Խանումյան, ըստ էության, երկրորդ տարի է՝ բոյկոտում եք Հայկական քաղաքական կուսակցությունների երրորդ ֆորումը: Ձեր հայտարարության մեջ նշում եք. «2016թ. կուսակցությունների երկրորդ ֆորումին մասնակցելով՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը նպատակ ուներ ֆորումին մասնակից մյուս կուսակցություններին համոզել, որպեսզի թույլ չտան իրենց ղեկավար և պաշտոնյա անձանց Արցախի տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններ անել: Այս հարցը մեզ համար սկզբունքայի՞ն է: Մասնավորապես ո՞ր քաղաքական ուժերի մասին է խոսքը և ըստ Ձեզ՝ ինչո՞ւ մերժվեց ձեր առաջարկը:
Երկրորդ ֆորումին մասնակցել ենք, բայց հրաժարվել ենք վերջնական հայտարարության ստորագրումից: Անցյալ տարի այդ միջոցառումն անցկացվում էր ապրիլյան դեպքերից հետո, երբ այդ ողբերգական դեպքերին զուգահեռ մենք ականատես էինք լինում որոշ պշտոնյաների կողմից հողատվական հայտարարությունների: Դրանք հատկապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ էին: Այդտեղից էլ ծնվեց մեր առաջարկը՝ 2016թ. կուսակցությունների 2-րդ ֆորումի վերջնական հռչակագրի մեջ մտցնել Արցախի տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններ անելու արգելանքը: Սակայն մեր առաջարկը մերժվեց, ինչի պատճառով թե՛ մենք, թե՛ արցախյան խորհրդարանական մեկ այլ կուսակցություն` «Շարժում-88»-ը չմիացան վերջնական հռչակագրին: Այս ամենը հիմք է հանդիսացել, որպեսզի այս տարի արդեն մերժենք կուսակցությունների 3-րդ ֆորումին մասնակցելը:
-Այս առումով ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի՝ վեցերորդ գումարման ԱԺ նիստին Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ հատվածը, հատկապես Կազանյան փաստաթղթի հետ կապված:
-Սերժ Սարգսյանի պատկերացումներն արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ իրական սպառնալիք են Արցախի անվտանգության համար: Մենք տարբեր առիթներով այս թեմայով բազմիցս անդրադարձել ենք: Կազանյան փաստաթղթով առաջարկվող լուծումները խիստ անընդունելի են արցախյան բոլոր քաղաքական ուժերի համար: Առնվազն խորհրդարանական բոլոր 5 ուժերն այդ մասին արտահայտվել են հրապարակայնորեն: Այս պարագայում, երբ թե՛ իր կուսակցության ներսում, թե՛ ընդդիմության մեջ Սերժ Սարգսյանն ունի թույլ հակակշիռներ, վերոնշյալ սպառնալիքն ավելի շոշափելի է դառնում:
-Ինչպե՞ս եք գնահատում Միջազգային ճգնաժամային խմբի հայտարարությունը՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման, հնարավոր էսկալացիայի հետ կապված։
-Կարծում եմ՝ վերլուծություն էր, ոչ թե հայտարարություն: Վերլուծական կենտրոնների գործունեության ուղղություններից մեկն էլ հնարավոր սցենարներ առաջ քաշելն է: Ի դեպ, այդ նույն զեկույցի մեջ, որպես հնարավոր սցենար նշվում է, որ պատերազմի դեպքում Արցախի ուժերը վճռական են՝ Ադրբեջանի տարածքում առաջանալ 15-20 կմ, ինչն Ադրբեջանին կպատճառի 300-600 հազար փախստական: Որպես մեկը, որ ICG-ի ղարաբաղյան զեկույցներին հետևում է 2005թ.-ից սկսած, այսինքն՝ Արցախին, նրանց առաջին անդրադարձից սկսած, պետք է նկատեմ, որ այս մի զեկույցը որակապես տարբերվում էր, և Ստեփանակերտում տիրող կարծիքները պատշաճ ձևով տեղ էին գտել զեկույցի մեջ:







































