Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Դիցի գյուղում ռուսները յուրացրել են շուրջ 400 հա հող: Նրա խոսքերով՝ դա ցույց է տալիս, որ Վրաստանի կառավարության՝ Ռուսաստանի նկատմամբ ներկայիս քաղաքականությունը վնասում է երկրին:
«Վերջին շաբաթներին, ամիսներին ռուսներն առաջ են շարժվել և յուրացրել են մեր հողերից 400 հա: Եթե այդ 400 հա հողում խնձորի այգիներ տնկենք, այն կբավարարի ամբողջ Վրաստանի պահանջը, մեզանից խլել են խնձորի այգին այնպես, որ դա ոչ մեկը չի նկատել»,- ասել է Սաակաշվիլին:
Նախագահի խոսքերով՝ եթե Վրաստանի կառավարությունը շարունակի 2008թ. պատերազմի մեջ մեղադրել նախկին կառավարությանը, ոչ ոք այլևս իրենց օգնության չի գա:
«Իվանիշվիլին երեկ ասաց, որ Վրաստանը ոչ մի տարածքային հավակնություն չպետք է ունենա: Վարչապետը հայտարարում է, որ Վրաստանն է սկսել պատերազմը: Այդ մասին նա ասել է լատվիական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ՝ մի քանի օր առաջ: Եթե Վրաստանը մեղավոր է պատերազմում, եթե մենք ոչ մի տարածքային հավակնություն չպետք է ունենանք, ո՞վ կգա մեզ օգնության: Եվրոպական պարբերականներին նա պատմում է այն, ինչ նրանց ասել են պուտինները և մեդվեդևները»,- ասել է նախագահը:







































