«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հնարավոր է, Հայաստանն այդպես էլ չմիանա Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը»:
Մինչդեռ մինչ այդ ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ Հայաստանը Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ չունի ընդհանուր սահման, և այդ պատճառով էլ իմաստ չունի նրանց հետ մտնել ընդհանուր մաքսային գոտու մեջ: Ավելին՝ հայտարարում էին, որ ավարտվել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ու դրան մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի քննարկումը, և դրանք նոյեմբերին կնախաստորագրվեն: Սակայն մոսկովյան հայտարարությունից հետո թե եվրոպական, թե հայաստանյան շատ պաշտոնյաներ հայտարարեցին, որ Ասոցացման համաձայնագիրը դուրս է եկել Հայաստանի օրակարգից:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ մինչև տարեվերջ ստեղծվելու է Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված աշխատանքային խումբ՝ հանձնաժողով, որն էլ պետք է ուսումնասիրի այդ կառույցի փաստաթղթերը՝ կանոնադրությունը, առաջարկվող պայմանները և այլն: Հավաստի տեղեկություններով՝ հայկական կողմից ստեղծված հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքում հանգելու է այն եզրակացության, որ Մաքսային միությանն անդամակցելը նպատակահարմար չէ Հայաստանի համար, քանի որ առաջարկվող մաքսային դրույքները ձեռնտու չեն մեր տնտեսությանը:
Նորից առաջ է քաշվելու այն խնդիրը, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Մաքսային միության անդամ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ, և այդ պատճառով էլ այդ կառույցի առաջարկած ազատ տնտեսական գոտու առավելությունները մեր տնտեսության համար գրեթե չեն գործելու: Հայաստանն այդ երկրների հետ առևտրաշրջանառությունն իրականացնելու է Վրաստանի միջոցով, իսկ այդ երկիրը նոյեմբերին ստորագրելու է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը և ԽՀԱԱԳ պայմանագիրը: Հատկապես երկրորդ փաստաթղթի դեպքում Վրաստանը հայտնվելու է ԵՄ երկրների հետ ընդհանուր տնտեսական գոտում: Այսինքն, եթե Հայաստանը միանա Մաքսային միությանը, այդ կառույցի երկրների հետ ապրանքաշրջանառությունն իրականացնելու է բոլորովին այլ՝ ԵՄ-ի մաքսային ռեժիմի պայմաններում: Եվ այդ հանգամանքը՝ տնտեսական գոտիների ու մաքսային դրույքաչափերի տարբերությունը բավականին կբարդացնի ու կթանկացնի Մաքսային միության երկրների հետ մեր առևտրաշրջանառությունը:
Հայկական կողմից հենց այս խնդիրներն էլ բարձրացնելու է համապատասխան հանձնաժողովն ու հայտարարելու է, որ մեր երկիրը նպատակահարմար չի համարում լինել ՄՄ-ի լիարժեք անդամ: Չի բացառվում, որ պայմանավորվեն Հայաստանին տալ ընդամենը դիտորդ անդամի կարգավիճակ: Ընդ որում, որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանն էլ չի ընդդիմանալու մեր երկրի այդ նոր որոշմանը: Այս դեպքում ՌԴ-ին պետք էր Հայաստանին ետ պահել նոյեմբերին Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից, ինչին էլ այդ երկիրը հասավ ճնշման միջոցով՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանին ստիպելով հայտարարել, թե «Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը»:







































