Երկուշաբթի ռումբի ահազանգի պատճառով Նորվեգիայի կենտրոնական Տրյոնդելագ տարածաշրջանի «Վերնես» օդանավակայանից ոստիկանությունը տարհանել է ավելի քան 1000 մարդու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ոստիկանության ներկայացուցիչ Տրուդե Սկուգենի խոսքով՝ պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրությունը ստացվել էր տեղի ժամանակով ժամը 10.02-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 12.02-ին): Նրա փոխանցմամբ՝ որոշում է ընդունվել տարհանել բոլոր նրանց, ովքեր գտնվել են օդանավակայանի շենքում:
Բացի այդ, դադարեցվել էր երթևեկությունը հարակից մայրուղիներով, գնացքները չէին կանգնում օդանավակայանի շրջանում: Ոստիկանությունը չի հստակեցնում, թե ինչպես է ստացվել պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունը:
Չվերթների սպասարկումը ձգձգվում է, իսկ օդանավերի ընդունման համար թռիչքուղին բաց է: Ոստիկանությունը կասկածելի առարկաներ է փնտրում օդանավակայանում:







































