Ինդոնեզիայում Սինաբունգ հրաբխի ժայթքման հետևանքով այսօր տարհանվել են հարևան գյուղերի մի քանի հազար բնակիչներ: Հրաբխի խառնարանից բարձրանում է խիտ ծուխ, թռչում են քարեր ու շիկացած մոխիր:
Ինչպես հաղորդել է տարերային աղետների ինդոնեզական գործակալությունը՝ Սինաբունգ լեռան երեք կիլոմետրանոց գոտուց տարհանվել է 3.7 հազար մարդ: Նրանց համար ստեղծվել է հատուկ ճամբար, որտեղ նրանց ապահովում են ամենաանհրաժեշտ իրերով: Առայժմ զոհերի մասին չի հաղորդվում:
Սինաբունգը տեղակայված է Մեդան քաղաքից ընդամենը 60 կմ հեռավորության վրա: Հրաբուխն «արթնացել» է 2010թ. օգոստոսին՝ մոտ 400 տարվա լռությունից հետո:










































