ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմնակիցները Սիրիայի արևելքում՝ Եփրատի ափին գտնվող Դուրա-Եվրոպոս անտիկ քաղաքում ոչնչացրել են հնագույն արձաններ և խորաքանդակներ։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Վանդալիստների կողմից արված կադրերը հայտնվել են գրոհայիններին աջակցող կայքերում։ Դրանցում երևում է, թե ինչպես են նրանք կռանով մանր կտորների բաժանում հնությունները։
SANA-ի տվյալներով՝ գրոհայիններն ավելի վաղ Դուրա-Եվրոպոսը ենթարկել էին կազմակերպված թալանի՝ ոչնչացնելով մշակութային արժեքները։ Նրանք իրականացնում են հնագիտական արտեֆակտների առևտուր՝ մաքսանենգ ճանապարհով դուրս բերելով դրանք Սիրիայից, իսկ այն ամենը, ինչը վաճառել չեն կարողանում, ոչնչացնում են։
Տեղի ունեցածը գործակալությունն անվանել է «նոր հանցագործություն սիրիական քաղաքակրթության և համաշխարհային ժառանգության նկատմամբ»։













































