Գերմանիայում՝ Քյոլն-Բոննի օդանավակայանում, Boeing 737-ի 167 ուղևորներ տարհանվել են թռիչքից րոպեներ առաջ՝ կասկածելի խոսակցության պատճառով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ թռիչքից կարճ ժամանակ առաջ երկու ուղևորներ լքել են օդանավը և ավիաընկերության աշխատակիցներին մտավախություն հայտնել սրահում լսած խոսակցության բովանդակության հետ կապված։
Նրա խոսքով՝ նրանք լսածից հետո հրաժարվել են վերադառնալ իրենց տեղերը։ Թե կոնկրետ ինչի մասին է եղել զրույցը, չի հաղորդվում։
Ուղեբեռների և ուղևորների ուսումնասիրման ընթացքում որևէ կասկածելի բան չի նկատվել։
Ինքնաթիռը Մայորկա է թռչել մի քանի ժամ անց։







































