Հայաստանը պիտի շարունակի համագործակցել ԵՄ-ի հետ այն մասով, որ Հայաստանը հակված է Ասոցացման պայմանագիրը ստորագրելու, աշխատելու, բազմապատկելու իր ուժերը եվրոպական միջավայրում ավելի վստահ քայլելու:
Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Հարցին ցանկություններով չպիտի նայել, մենք Ռուսաստանի հետ դաշնային հարաբերությունների մեջ ենք, բայց քաղաքական վիճակները, մեր երկրի անվտանգությունը ոչ թե սոսկ արտահայտություններ են, այլ մենք մեր շահը պիտի տեսնենք. մեր շուկան Ռուսաստանն է, մեր սահմանային, էներգետիկ անվտանգությունը Ռուսաստանն է»,- ասաց նա: Սահակյանի խոսքով՝ ԵՄ հետ համագործակցության գործընթացը նույն կերպ շարունակվելու է: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ երբ միության շուրջ դեռ նոր քննարկումներ էին ծավալվում, շատերը նույնիսկ վիրավորվեցին, որ արձագանքներ չստացանք մեր մասնակցության մասին, հենց այդ ժամանակ էլ աշխատեցին հնարավորինս մասնակից դառնալ գործընթացին, սակայն դա չի նշանակում, որ կա փաստաթուղթ, որ պիտի քննարկեն:
«Մենք ընդամենը մեր սկզբունքն ենք ներկայացրել, աջակցություն ենք ստացել, դեռ պիտի հարցը քննարկվի մյուս երկրների հետ, քննարկվեն մեր մասնակցության ձևը, փաստաթղթերը: Նախագահն իր լիազորությունների շրջանակում է գործել: Երբ կստորագրվի փաստաթուղթ, ԱԺ-ն իր մասնակցությունը կունենա, լայնածավալ մոտեցումների ձևավորման փուլ կանցնի»,- ասաց նա՝ նշելով, որ պայմանագրերն ուժի մեջ են մտնում, եթե խորհրդարանները վավերացնում են:










































