Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ բիզնեսը պետք է տարանջատել պետական կառավարումից: Սա նշանակում է, որ խոշոր սեփականատերը կամ ընդհանրապես գործարարը չպետք է պետական պաշտոն զբաղեցնի: Իսկ եթե բիզնեսմենը նաև պետական պաշտոն է զբաղեցնում, նա իր ձեռքի տակ եղած վարչական հնարավորություններն օգտագործում է ի շահ իր սեփական գործին՝ պետական միջոցներով իր բիզնեսին պատվեր տալուց, գործընկեր պաշտոնյաներին իր բիզնեսի սպառողը դարձնելուց մինչև իր բիզնեսի համար արտոնյալ պայմաններ ձեռք բերելը: Իսկ եթե այդ գործարարը պատգամավոր է, ապա նա փորձում է օրենքները հարմարեցնել իր սեփական շահերին և այդպես շարունակ: Նման օրինակներ Հայաստանի իրականության մեջ բազում են: Հակառակ իրողություններն են քիչ, երբ պետական պաշտոնյան բիզնես չունի, կամ, երբ բիզնեսմենը պաշտոն չունի:
2008թ. երբ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, նույնպես հայտարարեց, որ բիզնեսը պետք է տարանջատել պետական կառավարումից, և օրեր անց բազում բիզնեսներ ունեցող Գագիկ Խաչատրյանին նշանակեց պետեկամուտների կոմիտեի ղեկավար: Տ. Սարգսյանին չհաջողվեց իր հայտարարությունը կյանքի կոչել, նա հեռացավ՝ թողնելով ընդամենը կոսմետիկ փոփոխություններ, որոնք ավելի շուտ ոչ թե տարանջատում էին այդ կապերը, այլև՝ թաքցնում: Բայց անգամ այդ թեթևակի փոփոխությունները դժգոհություններ էին առաջացրել այն պաշտոնյաների մոտ, ովքեր նաև բիզնեսմեն էին: Վարչապետ Կարեն Կարապետյանը, հակառակը, ոչ միայն չի հայտարարում, որ բիզնեսը պետք է տարանջատել պետական կառավարումից, այլև ասում է, որ գործարարներն «իմ ընկերներն են»: Նա հավանաբար դեռ չի հասցրել ընկալել, որ երկրի զարգացման համար շատ կարևոր է բիզնեսի և քաղաքականության տարանջատումը:
Դրա համար բավարար է աչք գցել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկին, և կտեսնենք, որ այնտեղ եղած ընկերությունների մի մասը պատկանում է Ազգային ժողովի պատգամավորներին կամ կառավարության նախարարներին ու այլ պաշտոնյաներին: Ընդ որում, խոշոր գործարար են հատկապես այն պատգամավորները, ովքեր խորհրդարան են անցել ռեյտինգային ընտրակարգով: Եվ պատգամավորների ու խոշոր հարկատուների ցանկը համեմատելիս՝ միանգամից ակնհայտ է դառնում նրանց միջև առկա կապը: Եվ առաջինն ինչպես միշտ աչքի է ընկնում «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն իր վճարած 5․1 մլրդ դրամ հարկերով: Այս ընկերությունը պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ստացել է 42․7 հազար ձայն:
Ընդ որում, խոշոր հարկատուների ցանկում կան ընկերություններ, որոնք, թեև պետական պաշտոն չեն զբաղեցնում, բայց հովանավորում են որոշ պաշտոնյաներին: Օրինակ՝ խոշորների ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Գրանտ Տոբակո», 19-րդ տեղը զբաղեցնող «Գրանտ Քենդի», 129-րդ տեղը զբաղեցնող «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունների սեփականատեր եղբայրներ Կարեն և Միքայել Վարդանյանները տարիներ շարունակ պատգամավոր են եղել: Իսկ անցած և այս Ազգային ժողովում էլ թեև չեն եղել, բայց այնտեղ ունեցել են և ունեն իրենց հովանավորությունը վայելող ներկայացուցիչների: Այս ընտրություններին Վարդանյանները ԱԺ գործուղեցին Գրիգոր Ավալյանին, որը իշխող Հանրապետական կուսակցությանն այդ եղբայրների օգնությամբ բերեց 17.202 ձայն:
Պանամայի օֆշորային սկանդալներով հայտնի Միհրան Պողոսյանին վերագրվող «Քեթրին Գրուպ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 114-րդն է: Մ. Պողոսյանը հայտնի է որպես բանանի ներկրման մենաշնորհի տերը, ով այնպես է արել, որ այդ մրգի գինը Հայաստանում անհամեմատելի բարձր է, քան, օրինակ, մեզ նման բանան ներկրող Ռուսաստանում կամ Վրաստանում: Նախընտրական շրջանում լեգենդներ էին շրջանառվում, որ նա աստղաբաշխական չափերի գումարներ է ծախսել ԱԺ պատգամավոր դառնալու համար: Հատկանշական է, որ ընտրություններից ընդամենը 2 օր առաջ բանանի գինը բարձրազավ ևս 100-150 դրամով:
Ոչ պակաս սկանդալային Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի «ՍԱՍ Գրուպ» ընկերությունը նույնպես գտնվում է խոշոր հարկատուների ցանկում՝ 76-րդ հորիզոնականում: Ընտրություններից առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Ա. Սարգսյանի շտաբի աշխատակիցները շրջում են Արաբկիր համայնքի բնակիչների տներով ու ընտրակաշառք առաջարկում՝ խոստանալով դրա չափը հստակեցնել ու այն տեղ հասցնել քվեարկության նախօրեին: Ա. Սարգսյանին են վերագրվում նաև «Բալդի» և «Ալդո» հագուստի ու կոշիկի խանութների ցանցը:
Իսկ ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայնը ստացել է Արայիկ Գրիգորյանը, ով «Ավշարի գինու և կոնյակի գործարան»-ի սեփականատերն է: Թիվ 9 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր դարձած Արկադի Համբարձումյանին են պատկանում խոշոր հարկատուների՝ 56-րդ հորիզոնականում գտնվող «Սլավ Գրուպ»-ը և 70-րդ տեղում գտնվող «Դերժավա Ս» ընկերությունները: Հայաստանի ամենախոշոր գործարարներից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ»-ը, «Երևանի գինու-կոնյակի-օղու կոմբինատ»-ը նույնպես խոշորների շարքում են: Վայոց ձորի և Սյունիքի մարզերից դարձյալ պատգամավոր դարձած Աշոտ Արսենյանի «Ջերմուկ Գրուպ»-ը խոշորների 130-րդ հորիզոնականում է: Կրթության և գիտության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանին և նրա եղբորը վերագրվող «Արմենիա Վայն»-ը 77-րդ տեղում է և այդպես շարունակ:
Ընդ որում, խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում են գտնվում այնպիսի խոշոր ընկերություններ, որոնք թեև Հայաստանի պետական պաշտոնյաներից որևէ մեկին չեն պատկանում, բայց ընտրությունների վրա որոշակի ազդեցություն ունեցել են: Օրինակ՝ «Գազպրոմ Արմենիա», «Զանգեզսուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Յուքոմ», «Հայփոստ», «Թեղուտ» ընկերությունների սեփականատերերը որոշակի կապեր ունեն իշխանությունների հետ, և ՍԱՍ-ի Արտակի նման սպառնալով կամ այլ ազդեցություն գործադրելով՝ իրենց հազարավոր աշխատակիցներին ստիպել են քվեարկել իշխանությունների օգտին:
Ահա այստեղից հասկանալի է դառնում, թե Հայաստանի համար ինչու է անսահման կարևոր բիզնեսը տարանջատել պետական կառավարումից, քաղաքականությունից: Այս բոլոր ընկերությունների սեփականատերերը հայտնվելով բարձր պաշտոնների կամ հովանավորելով բարձր պաշտոնյաների՝ փորձում են հարկային ու մաքսային, պետական գնումների և նման այլ համակարգերը ծառայեցնել իրենց օգտին և արտոնյալ պայմաններ ստեղծել իրենց բիզնեսի համար: Նրանք այդ լծակներով ու կապերով իրենց շրջանառությունը թաքցնում են և այդպիսով խուսափում են հարկեր և մաքսատուրքեր վճարելուց: Պետության վրա իրենց ապրանքը կամ ծառայությունը շուկայական գներից բարձր են վաճառում: Իսկ բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը ոչ միայն խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, այլև քաղաքական դաշտի կայացմանն ու անգամ իշխանությանը: Վերը նշված ռեյտինգային-սեփականատերերն իրենց քվեներով ապահովելով իշխանությունների վերարտադրությունը՝ իշխանության մեջ «փայ», ազդեցություն, խախտումների իրավունք ունենալու պահանջներ են ներկայացրել և ներկայացնելու են պետական կառավարման համակարգին: Հակառակ պարագայում, թաքցրած հարկերի ու տուրքերի հաշվին նրանց կուտակած ահռելի ֆինանսական միջոցները դանդաղ գործող ռումբ են իշխանության տակ դրած: Եվ իզուր չէ, որ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մտահոգություն հայտնում, որ Հայաստանում իշխանության գինն ընդամենը 30-40 մլն դոլար է: Եվ ով այդքան գումար դնի, կարող է իշխանություն վերցնել։







































