Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց մանդատներից հրաժարված պատգամավորների անունները: Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներից մանդատից հրաժարվել են Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, պատգամավորներ՝ Արտակ Զաքարյան, Արման Սահակյանը, Կարեն Բոթոյանը, Սամվել Սանամյանը, Առուշ Առուշանյանը, Վահե Հակոբյանը: Մանդատից հրաժարված պատգամավորների ցանկում չկա, սակայն, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի անունը:
Սահմանադրության համաձայն ԱԺ առաջին նիստի օրը՝ մայիսի 18-ին կառավարությունը, այդ թվում և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, վարչապետի գլխավորությամբ հրաժարական կտան: Ա.Հովհաննիսյանը մանդատը կստանա և Ազգային ժողով կգնա:
Նրա դեպքում տեղեկություններ են շրջանառվում, որ կարող է զբաղեցնել ԱԺ փոխնախագահի կամ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Կ.Բոթոյանն ամենայն հավանականությամբ կնշանակվի Գեղարքունիկի մարզպետ, իսկ նրա փոխարեն խորհրդարան կգա նույն մարզի ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանը:
Իսկ ինչ վերաբերում է Ա.Զաքարյանին, ապա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արդեն հաստատել է, որ նա կնշանակվի պաշտպանության փոխնախարար այդ պաշտոնից հեռացած Դավիթ Տոնոյանի փոխարեն և կհամակարգի այդ գերատեսչության արտաքին հարաբերությունները:










































