Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է միանալ քիմիական զենքի արգելքի մասին կոնվենցիային՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ես լիազորված եմ հաստատել մեր աջակցությունը Սիրիայում քիմիական զենքի հանդեպ ռուսական նախաձեռնությանը՝ քիմիական զենքի արգելքի կազմակերպության ռեժիմին համապատասխան: Մենք պատրաստ ենք համագործակցել այս նախաձեռնությունն իրագործելու համար: Մասնավորապես, մենք ցանկանում ենք անդամակցել քիմիական զենքի արգելքի մասին կոնվենցիային»,- ընդգծել է արտգործնախարարը:
Նրա խոսքերով՝ Սիրիան պատրաստ է կատարել կոնվենցիայով ստանձնած իր պարտականությունները:
«Մենք պատրաստ ենք հայտարարել քիմիական զենքի գտնվելու վայրի մասին, դադարեցնել քիմիական զենքի արտադրությունը, ինչպես նաև այդ օբյեկտները ցույց տալ Ռուսաստանին, այլ պետությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին»,- ասել է Սիրիայի արտգործնախարարը:










































