Արյունապղծության այս գործը միգուցե չբացահայտվեր, եթե իր զոհին հրկիզելու եղանակով ոչնչացնելու մտադրությունը 22-ամյա Մուրադը կարողանար իրականացնել: Բայց երիտասարդ աղջկա կենսական ուժերը նրան չլքեցին անգամ ծանր այրվածքներ ստանալու պայմաններում, և աղջիկը հասցրեց անձամբ բացահայտել հարազատի ոճրագործությունը:
Մուրադ Մ.-ն երևանամերձ շրջաններից մեկի բնակիչ էր:
1983 թվականի նոյեմբերի 11-ին նա իր մեքենայով եկավ Երևան: Գործեր ուներ՝ վերջացրեց, երեկոյան էլ գնաց քեռու տուն: Հաց կերավ, հանգստացավ:
Մոտ մեկ ժամ անց Մուրադը քեռու աղջկան՝ Մարոյին, առաջարկեց մեքենայով դուրս գալ նրա եղբորը փնտրելու:
Մարոն հորաքրոջ տղային չմերժեց, նրա հետ նստեց մեքենա: Մի քանի փողոց անցնելուց հետո Մուրադը Մարոյին առաջարկեց մեքենայով ուղղակի զբոսնել:
Մարոն ոչինչ չէր կասկածում, համաձայնեց, չէ՞ որ հարազատի հետ էր:
Մուրադը մեքենան վարեց Սևանի ուղղությամբ:
Երբ հասան «Ախթամար» ռեստորանին՝ Մուրադը մեքենան կանգնեցրեց, ասաց, թե ուզում է ծխախոտ գնել: Մարոյին էլ առաջարկեց իջնել մեքենայից: Մտան ռեստորանի առաջին հարկում գործող սրճարան:
Ծխախոտից բացի Մուրադը նաև օղի ու շամպայն պատվիրեց: Մարոն չէր ուզում սրճարանում նստել, նա փորձեց համոզել Մուրադին, որ ղեկին չխմի: Բայց Մուրադը գլուխը գովեց, թե ինքը խմած ժամանակ ավելի լավ է մեքենա վարում, ոչ մի վտանգավոր բան չկա, ավտոտեսուչների հարցերն էլ կլուծի, եթե կանգնեցնեն:
Մարոն ստիպված տեղի տվեց, Մուրադի հետ նստեց սրճարանում: Սակայն շուտով աղջիկը սկսեց լրջորեն անհանգստանալ՝ Մուրադը դատարկում էր բաժակ բաժակի հետևից: Խմածությունը արդեն ակնհայտ էր, Մուրադը շատախոսում էր, իսկ Մարոն անընդհատ նայում էր ժամացույցին ու խնդրում էր, որ նա իրեն տուն տանի:
Ժամը 22-ի սահմաններում նրանք դուրս եկան սրճարանից: Ուղևորվեցին դեպի Երևան:
Որոշ տարածություն անցնելուց հետո Մուրադը մեքենան դուրս բերեց մայրուղուց: Մութ էր, Մարոն չէր կողմնորոշվում: Մի քիչ խորանալով՝ Մուրադը կանգնեցրեց մեքենան, դռները փակեց: Ու անսպասելի հարձակվեց քեռու աղջկա վրա…
Մոտ երեսուն րոպե Մարոն դիմադրեց խմած բարեկամին, ով աղջկա դիմադրությունը կոտրելու, նրան բռնաբարելու համար խփում էր, քաշքշում, պատռում շորերը: Մուրադը զայրույթից նույնիսկ Մարոյի մատները ճզմեց դռան տակ, բայց այդպես էլ չկարողացավ տիրանալ նրան:
Բռնաբարության անհաջող փորձից հետո Մուրադը մի բանից էր վախենում՝ հենց որ տուն գնան, Մարոն կպատմի տեղի ունեցածը, ամբողջ ազգուտակում իրեն կխայտառակի, ով գիտի՝ բանտ էլ կնստեցնի…
Մուրադի ուղեղում մի միտք արթնացավ՝ մեքենան հրկիզի՝ Մարոյին էլ հետը, բոլորին ասի, թե դժբախտ պատահար էր…
Մեքենայի վառելիքը ստուգելու պատրվակով նա իջավ, մեքենայից բենզին հանեց, բենզինը մեքենայի սրահ տարավ, լցրեց անկյունում կուչ եկած Մարոյի վրա ու կրակայրիչը մոտեցրեց…
Կրակը բռնկվեց…
Մուրադը մեքենայից դուրս՝ նույն կրակայրիչով մի ծխախոտ կպցրեց ու սկսեց նայել մեքենայի ներսում այրվող սարսափահար աղջկան:
Բայց Մարոն ուժեղ աղջիկ էր: Ինչպես որ չէր հանձնվել բռնաբարողին, այնպես չհանձնվեց նաև կրակի լեզուներին: Վերջին ուժերը ժողովեց, իրեն դուրս գցեց մեքենայից ու Մուրադի համար անսպասելի՝ վազեց դեպի մայրուղի:
Առաջին իսկ մեքենան կանգ առավ, սարսափելի տեսարանից կարկամած վարորդը քարացել էր կարծես…
Բայց նա շուտով սթափվեց, աղջկա վրա ծածկոց գցեց, մարմնական ծանր վնասվածքներ ու ծանր այրվածքներ ստացած աղջկան տեղափոխեց հիվանդանոց:
Մարոն չորս օր պայքարեց ապրելու համար: Բայց նրա կյանքը փրկել չհաջողվեց:
Մահից առաջ Մարոն հասցրեց պատմել տեղի ունեցածը, տվեց Մուրադի անունը:
Մուրադը ժխտում էր իր մեղավորությունը, բայց դատարանում, խիստ պատժից վախենալով, իրեն մեղավոր ճանաչեց ու զղջաց:
ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Մուրադ Մ.-ին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 15 տարի ազատազրկման:








































