Թուլացած «Ալ-Քաիդա»-ն կարող է վերակազմավորվել Սիրիայում, որտեղ քաղաքացիական պատերազմի քաոսը կարող է նպաստել այդ խմբավորման կորիզներից մեկի վերականգնմանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Bipartisan Policy Center-ի «Ջիհադական ահաբեկչություն. սպառնալիքի գնահատականը» զեկույցը: Դրանում նշվում է, որ շարժումն անցումային փուլում է: Այն կարող է վերանալ կամ էլ, Մերձավոր Արևելքում տիրող մի շարք նպաստավոր պայմանների արդյունքում՝ վերակազմավորվել:
Գրոհայինների ամենախոշոր խմբավորումներից է Բաշար Ասադի դեմ պայքարող՝ «Ալ-Քաիդա»-ի հետ կապված «Ֆրոնտ-ան-Նուսրա» խմբավորումը:
«Եթե մենք նայենք աշխարհին ընդհանուր առմամբ, ապա շատ տեղեր գոյություն ունեն, որտեղ նրանց գործերն այնքան էլ լավ չեն: Սակայն ակնհայտ է, որ Սիրիայում նրանց մոտ ամեն ինչ լավ է»,- ասել է փորձագետը:
Զեկույցում նշվում է, որ «Ան-Նուսրա»-ն իր գործունեությունը Սիրիայում սկսել է սոցիալական ծառայություններ մատուցելուց, որպեսզի ստանա իր վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչների աջակցությունը:
Բացի այդ, սիրիացի գրոհայիններին զինելը կարող է հանգեցնել նրան, որ զենքը կընկնի ջիհադական խմբավորումների ձեռքը:
Ասադի քիմիական զենքը ևս կարող է խնդիր դառնալ, եթե այն ընկնի «Ան-Նուսրա»-ի նման խմբավորումների ձեռքը: Այն կարող է օգտագործվել Սիրիայում կամ կարող է դուրս տարվել երկրից՝ ապագա հարձակումների համար:








































